Եթե զենք ստեղծեցինք, դա մեր փրկությունն ա, եթե չէ՝ չէ. Ոսկեպարի բնակիչներ
Վարչապետի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել գյուղում․ խորհրդային սահմաններին վերադառնալու դեպքում սահմանն անցնելու է գյուղի ծայրամասով։ Բնակիչները սպասում են վարչապետի այցին և նրա պարզաբանումներին (Փաշինյանը նույն մամուլի ասուլիսի ժամանակ խոստացել է այցելել Տավուշ)։
Սահմանամերձ գյուղի թե՛ ղեկավարը, թե՛ բնակիչները տարակուսած են․ նրանք կառավարությունից պարզաբանումներ են ակնկալում իրենց հողերի վերաբերյալ։
Իսկ ահա լրագրողների հետ գյուղացիները դժկամությամբ են շփվում, չեն ուզում ձայնագրվել կամ տեսախցիկի առաջ խոսել։ Բայց չեն թաքցնում իրենց դժգոհությունը։
«Ըստի, մեր կողքին, սահմանը ոնց կա՝ նույն ձև թողեն։ Ուրիշ տեղ ճշգրտում են՝ ճշգրտեն։ Եթե թուրքերը (ադրբեջանցիները,– խմբ․) բան են անում, որ մենք տալ չտենք, ճշգրտումն ինչն ա։ Ասում են, որ իրենք տալ չտեն ոչ մի բան, էլ ի՞նչ ճշտում», - ասում է տղամարդկանցից մեկը։
Նրա կարծիքով՝ ներկա իրավիճակում պետք է մի բան հիշել․ քանի դեռ դու թույլ ես, քեզ հետ հաշվի չեն նստի։ Տղամարդը ելքը տեսնում է պաշտպանունակության ուժեղացման մեջ։
«Եթե զենքը ստեղծեցինք, դա մեր փրկությունն ա, եթե չէ՝ չէ»։
Մյուսն ասում է, որ հարցը վերաբերում է ոչ միայն Ոսկեպարին և Տավուշի մարզին։ Դա համայն հայության խնդիրն է՝ լինեն նրանք Երևանում, թե այլ վայրում։
Նրա խոսքով՝ չի կարելի մշտապես զիջել և ընկրկել։ Հիմա Ադրբեջանը 4 «գյուղ» է ուզում, հետո էլի կուզի։ Եթե Բաքուն հրաժարվում է վերադարձնել օկուպացված տարածքները, ապա Հայաստանը չպետք է ոչինչ զիջի։
«Եթե մենք կորցնում ենք Ոսկեպարը, էլ արդեն գնալ տին Կիրովական (Վանաձոր,–խմբ.), Լորուտ, Շամուտ։ Եթե Վերին Ոսկեպարը վեկալավ․․․ դրանք էլ են սահմանապահ դառնում, էլի», - ասում է մեկ այլ բնակիչ։
Հարցը հատկապես սուր է դրված Ոսկեպարի ծայրամասում գտնվող երկու տների բնակիչների համար։ Նրանք խորհրդային սահմանով Վրաստան տանող ճանապարհի մի հատվածի հետ միասին հայտնվում են Հայաստանի սահմաններից դուրս թե՛ Google քարտեզով, թե՛ Հայաստանի Կադաստրի կոմիտեի։
«Ես լսել եմ վարչապետի ելույթը։ Բայց էդ հարցի տակ դեռ շատ պարզաբանումներ ա պետք անել։ Որովհետև նենց չի, որ ասվեց, տվին, ու վերջացավ։ Պտի տեղում նայվի` վերջը որ մասն են տալու, որն ա մնալու, ինչքան են գալու։ Որովհետև մենք կարևոր ճանապարհ ունենք միջպետական։ Աստված չանի` պարզվի, որ ճանապարհն էլ հետն ա տրվում», - ասաց գյուղապետը ArmeniaSputnik–ի հետ զրույցում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Նիկոլն արդեն հանձնել է ադրբեջանցիների պահանջած՝ այսպես կոչված անկլավները
- Նիկոլ Փաշինյանը ԱԺ ՔՊ խմբակցության հետ քննարկել է Տավուշի «անկլավների» հարցը
- Եթե հանձնվեն անկլավները, հեռու չի լինի այն օրը, որ Մակարավանքից մի քիչ ներքև ավարտվի իմ հայրենիքը. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին