Երևանի ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը. Բեգոյան
«Տնկարանային տնտեսության արդիականացման ծրագրի շրջանակներում ցանկապատի անցկացման աշխատանքները կատարված են մոտ 70 տոկոսով»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
Նա զեկուցեց, որ Ռուսաստանից 3D ցանկապատի ներկրման հետ կապված շինարարն ուներ բարդություններ, դրա համար մի փոքր ուշանում է: Այս շաբաթվա ընթացքում արդեն սպասվում է 3D ցանկապատների ներկրումը, դրանից հետո աշխատանքները 15-20 օրվա մեջ կմոտենան ավարտին:
Արմեն Բեգոյանը նաև զեկուցեց, որ տնկարանային տնտեսության մասով ամբողջովին ավարտված է ջրամբարի կառուցման աշխատանքները, դա գեոմեմբրանով ծածկման աշխատանքները, ինչպես նաև հողի գրունտի փխրեցման և հողախառնուրդով հարստացման աշխատանքները: Այժմ մեկնարկում են պոմպակայանի պոմպերի և ֆիլտրացիոն համակարգերի տեղադրման աշխատանքները: Բոլոր տեխնիկական միջոցները ձեռք են բերված, ձեռք է բերվել 100 կմ կաթիլային համակարգ: Նաև կմեկնարկի մոտ 2 հեկտար տարածքի ստվերացնող համակարգի աշխատանքները:
«Ֆինանսական վարչությունից ստացվել է գումարի կեսը, մյուս կեսը ստանալու ենք այս տարի։ Գումարը ստանալուն պես կսկսենք այդ նյութերի գնման գործընթացները»,-ասաց Բեգոյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է պլանավորվում տնկիների տեղադրումն այդ հատվածում և ի՞նչ քանակով, Ա.Բեգոյանը պատասխանեց. «Պլանավորում ենք տնկիների տեղադրումը սկսել ապրիլի վերջ, մայիսի սկիզբ: Մոտավորապես, կտեղադրենք վայրագ տնկիներ և արդեն պատվաստված տնկիներ: Այժմ գտնվում ենք գնումների հայտարարման փուլում: Մոտավորապես, 20-30 հազար վայրագ տեսակի և շուրջ 10 հազար արդեն պատվաստված տեսակի փոքր տնկիներ»:
Հարցին, թե ի՞նչ ծառատեսակներ են ստանալու վերջում, նա պատասխանեց. «Մենք նախատեսում ենք ջերմոցատնկարանային տնտեսությունում աճեցնել գիտատեխնիկական խորհրդի և գիտական աշխատաժողովի կողմից Երևան քաղաքում ընտրված ծառատեսակների հիմնական մասը: Դրանք են կաղնիներ, սոսիներ, թխկիներ։ Թվով 7-ն են, հիմա կդժվարանամ ամբողջը նշել:
Ինչպես նաև Երևանում օգտագործվելու են նույնպես խիստ ֆունկցիոնալ և արժեքավոր ծառատեսակներ։ Երևանի կանաչ ֆոնդի, այսինքն ծառերի գրեթե կեսը կորցրել կամ կորցնում է իր կենսունակությունը: Անհրաժեշտ կլինի առաջիկա 10 տարիների ընթացքում անընդհատ փոփոխման աշխատանքներ կատարել: Դրա համար մենք առաջարկում ենք ջերմոցում ունենալ այնպիսի հզորություններ, որ տարեկան կարողանանք արտադրել 5 հազար ծառ: Դա վերաբերում է հասուն ծառերին, որոնք բերվելու են փողոցային տնկարկներ և այգիներ:
Դրա հետ մեկտեղ, անտառ հիմնման աշխատանքների համար արդեն մոտավորապես մի այդքան ծառ էլ տարեկան հնարավորություն կունենաք արտադրելու»:
Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե մոտավորապես քանի՞ տարի է տևելու ամեն մի տնկին աճեցնելու և Երևանում տնկելու պրոցեսը, տնկարանում քանի՞ տարի են մնալու այդ տնկիները. Բեգոյանը պատասխանեց. «Այստեղ երկու մոտեցում կա. վայրագ տեսակը անտառտնկարկներ տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի մոտ երկու տարի, իսկ քաղաքային տնկարկներ՝ 5 տարի: Սրանք շատ էժան են: Իտալիայում դրանց գները 1-2 եվրո են: Դրա համար մենք նպատակահարմար ենք գտնում դրանք ձեռք բերել և աճեցնել մեզ մոտ: Այդ հաշվարկով ծառերը բավական էժան կարժենան:
Մյուս դեպքը, որ նախատեսում ենք արդեն պատվաստված ծառերի համար, դրանք մոտավորապես արժենալու են 10-30 եվրո: Այդ ծառատեսակների ներկրումից հետո 2-3 տարում արդեն դրանք կունենանք այն հաստությունը, պարամետրերը, որոնք պահանջվում են Երևանի տնկարկներում տնկելու համար:
Այժմ ձեռքբերվող ծառերը, եթե վերածենք եվրոյի, մոտավորապես տատանվում են 150-200 եվրոյի սահմաններում: 10-30 եվրոյով ձեռքբերելու և 2-3 տարի աճեցնելու պայմաններում, կարծում եմ, այդ ծառերը մոտ կիսով չափ էժան կնստեն Երևանի վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է ծառերի նկատմամբ վանդալիզմի մասին
- Երևանում այսօր իրականացվող աշնանային էտն այլանդակելու, դեֆորմացնելու է ծառերը․ մասնագետ
- Մաշտոցի պողոտայում Կարմիր գրքում գրանցված սոսի տեսակի ծառեր կտրած անձը ձերբակալվել է
- «Բարեկարգման» անվան տակ հերթական ծառերի սպանդը Կապանում
- Քրիստինա Վարդանյան. Միամոմենտ հազարավոր ծառերի հատումն անօրեն է
- Կասեցրեք այս մեթոդաբանությամբ ծառերի փոխարինման ծրագիրը․ Քրիստինա Վարդանյան
- ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ
- Քրիստինա Վարդանյան. Երևանում ծառերը կանգնած, շարքով մահանում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին