Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար. Միրզոյան
«Մենք ընդլայնում ենք մեր փոխգործակցության հիմքերը»,- Երևանում Ղազախստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշեց, որ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը վկայում է անհրաժեշտ նախադրյալների մասին, առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են։
«Թեև այս ամենով հանդերձ՝ մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք։ Այս հանդիպման ընթացքում եկել ենք եզրահանգման, որ երկու կողմն էլ ունեն պատրաստակամություն զարգացնել այդ հարաբերությունները և իրացնել այդ չիրացված հնարավորությունները»,- ասաց Ա.Միրզոյանը։
Նա հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է երկկողմ հարաբերությունների զարգացմամբ՝ ամերիկյան մայրցամաքից մինչև հեռավոր Արևելք, մինչև Արևելյան Ասիա, և, իհարկե, Ղազախստանի հետ հարաբերությունները շատ կարևոր դերն ունի իրենց այս ընկալման մեջ․ «Ուրախ եմ, որ տեսնում եմ նույն փոխադարձ հետաքրքրությունը ղազախստանյան կողմից»։
Միրզոյանը նշեց, որ խոսել են «Խաղաղության խաչմերուկի» մասին. լոգիստիկ հնարավորություններ՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման վրա, հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
Նա հայտնեց, որ հանդիպմանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության գործընթացը։
«Եվս մեկ անգամ հնարավորություն ունեցա ընդգծելու, որ Հայաստանը նվիրված է, հավատարիմ է խաղաղության օրակարգին և գործադրում է բոլոր կառուցողական ջանքերը՝ պահ առաջ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, սահմանների հետագա սահմանազատման վրա»,-ասաց Արարատ Միրզոյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան