Սերգեյ Մելքոնյան. Ռուսաստանի ընտրություններից հետո Հայաստանը պետք է թույլ չտա, որ հնարավորությունների պատուհանն առավել լայն բացվի Ադրբեջանի համար
Ռուսաստանի նախագահի ընտրություններում ստացած քվեների 87.29 տոկոս ցուցանիշով հաղթանակ է տանում գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ ԿԸՀ-ն մշակել է քվեաթերթիկների 99.75 տոկոսը։
Ինչպե՞ս կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը, ի՞նչ զարգացումներ կհետևեն Ռուսաստանում, Հարավային Կովկասում ընտրություններից հետո։
Այս հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան, APRI Armenia-ի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հետ։
«Այս ընտրություններն ուղղված են այն բանին, որ ցույց տան՝ ներքին լեգիտիմության հետ կապված որևէ խնդիր չկա։ Եվ դա ապահովում է ոչ թե Վլադիմիր Պուտինի ստացած ձայների քանակը, այլ ընտրություններին մասնակցության ցուցանիշը։ Պետք էր բարձր մասնակցություն՝ ցույց տալու, որ վստահում են ոչ միայն Պուտինին, այլև նրա ստեղծած համակարգին»,-ասաց փորձագետը։
Մելքոնյանի գնահատմամբ, հաջորդ կարևոր թեստը գործադիր մարմինների ղեկավարների, գերատեսչությունների ու կազմակերպությունների համար էր, թե ով ինչքանո՞վ կարող է ակտիվ լինել բարձր մասնակցության ապահովման առումով, ըստ դրա կոնֆիգուրացիան կարող է փոխվել, քանի որ արվելու են եզրակացություններ, թե ով որտեղ հաջողեց, ավելի էֆեկտիվ գործեց։
«Հիմա պատերազմը դառնում է Ռուսաստանի սոցիալական հիմնական լիֆտերից մեկը, նրանք, ովքեր մասնակցել են ոչ միայն պատերազմին, այլև նոր տարածքներում կյանքի վերականգնմանը, ենթակառուցվածքների ստեղծմանը, նրանք արդեն Մոսկվայում սոցիալական լիֆտով կբարձրանան։ Սա կազդի թե ներքին, թե արտաքին քաղաքականության վրա, քանի որ կվերցնեն այն մարդկանց, որոնք նվիրված են քաղաքական կուրսին, համակարգին, նաև նրանց, որոնք նոր տարածքներում գործեցին արդյունավետ կերպով»,-ասաց Մելքոնյանը։
Հարցին, թե ինչպե՞ս կանդրադառնան Ռուսաստանի ընտրությունների արդյուքները Հարավային Կովկասում զարգացումների վրա, Մելքոնյանը նկատեց՝ այս առումով Ռուսաստանի ընտրություններն ամենակարևորների շարքում չէին, առավել կարևոր են ԱՄՆ-ում ու ԵՄ-ում ընտրությունները։
«Այս ընտրություններից հետո ամենակարևորն այն է, որ թույլ չտանք՝ հնարավորությունների պատուհանն առավել լայն բացվի Ադրբեջանի համար։ Ակնհայտ է, որ մինչև այս ընտրություններ Ադրբեջանը դժվար թե հարձակվեր, իսկ հիմա այդ հնարավորությունը բացվում է Ադրբեջանի մոտ, ինչը Հայաստանը չպետք է թույլ տա։ Իսկ դրա համար կան որոշ քայլեր, որ Հայաստանը պետք է անի, և կան քայլեր, որոնք Հայաստանը պետք է չանի։ Մինչդեռ Հայաստանն անում է լրիվ հակառակը»,-ընդգծեց նա։
Փորձագետն ասաց՝ Հայաստանը կարող է զարգացնել հարաբերություններն այլ երկրների՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի հետ, բայց դրանք չպետք է լինեն Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին։
«Հայաստանն Արևմուտքի հետ հարաբերություններում դեռ չի հասել որևէ մակարդակի, բայց նվազեցնում է Ռուսաստանի հետ հարաբերությունների մակարդակը։ Սա լյուֆտ է, որ Ադրբեջանն անպայման կօգտագործի, քանի որ մենք տեսնում ենք որ անվտանգության երաշխիքներ չկան ոչ ԵՄ-ից, ոչ ԱՄՆ-ից։ Վերջին շրջանում արևմտյան հայտարարությունները, հոդվածներն ասում են, որ ձեզ համար մենք անվտանգության մասին չենք, մենք տնտեսության մասին ենք, կանաչ էկոլոգիայի, իրավական ոլորտի բերափոխումների մասին ենք, բայց ոչ երբեք անվտանգության ապահովման։ Արևմուտքն ասում է՝ այո, մենք ուրախ կլինենք, որ դուք այդտեղ ոչ թե Ռուսաստանի դեմ նոր ֆրոնտ բացեք, այլ թուլացնեք Ռուսաստանի դիրքերը, փաստացի Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի հայտարարությունն այս մասին էր՝ մենք պատրաստ ենք ձեզ պաշտպանել Ռուսաստանից եկող սպառնալիքից, մինչդեռ մեր հիմնական սպառանլիքը գալիս է Թուրքիայից ու Ադրբեջանից, ոչ թե Ռուսաստանից։ Իսկ Ռուսաստանը դարձնել Հայաստանի թշնամի չի բխում մեր շահերից»,-ասաց Ս. Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ամաչում եմ այս մարդու վարքագծի համար. Մարուքյանը՝ Շառլ Միշելի մասին
- Վլադիմիր Պուտինն ընտրություններում ստացել է ձայների 87,68 %-ը
- ԱԳՆ. Ռուսաստանը գիտեր, որ Արևմուտքը կփորձի խափանել արտերկրում առցանց քվեարկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա