Գեղամյան. Պատկերացնենք իրավիճակ, երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա։ Ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը գրում է.
«Երեկ Բաքվում հանդիպել են մեր «նոր փրկիչ» ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յ. Ստոլտենբերգը և Ի. Ալիևը։
Ձեզ եմ ներկայացնում մեկական մեջբերում երկուսի ելույթից, որոնք ցույց են տալիս, թե իրականում որքան բարձր մակարդակի և իրական հարաբերություններ կան երկու կողմերի միջև։
Ի. Ալիև.
«Այսօր Ադրբեջանը գազ է արտահանում ութ երկիր, որոնցից վեցը ՆԱՏՕ անդամ են, իսկ երկուսը՝ ՆԱՏՕ գործընկեր։ …Եվրահանձնաժողովը համարում է Ադրբեջանին վստահելի գործընկեր և գազի համաեվրոպական մատակարար»։
Յ. Ստոլտենբերգ.
«Ես ողջունում եմ այն, որ Ադրբեջանը զարգացնում է ավելի ու ավելի ամուր կապեր ՆԱՏՕ անդամների հետ (նկատի ունի՝ Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցումը) և որ ձեր երկիրը խաղում է ավելի ու ավելի կարևոր դեր ոչ միայն գազի, այլև, ապագայում, դեպի Եվրոպայում ՆԱՏՕ անդամ երկրներ էլեկտրականության մատակարարման գործում»։
Հիմա հարց. պատկերացնենք իրավիճակ, երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա։ Ո՞ւմ է պաշտպանելու ՆԱՏՕ-ն։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է»։