Որոշումների առանցքում ՀՀ-ի արժանապատվության հարցն է․ ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու մասին
«Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը, որի ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Հայաստանում հեռարձակվող ռուսական պետական հեռուստաալիքների գործունեությանը, մասնավորապես «հակահայկական հաղորդումների հեռարձակմանը»։
Նա նշեց, որ լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից՝ ապահովել համապատասխան բովանդակությամբ հեռուստակոնտենտ, որը չի ենթադրի ՀՀ-ի ներքին գործերին միջամտություն, վիրավորանք ՀՀ պետական խորհրդանիշերի, պետության, ինչպես նաև ՀՀ ժողովրդի հույզերի ու արժանապատվության նկատմամբ։
Դիտարկմանը, որ արդեն իսկ նման մի քննարկում եղել է, որից հետո հայտարարվեց, որ Երևանը չի ներկայացրել փաստեր, նախարարն ասաց. «Ճիշտ եք, խոսքը դեկտեմբերյան խորհրդակցությունների մասին է: Պետք է ասեմ, որ այն լուծումները, որոնք հայկական կողմի առաջարկների փաթեթում ներառված են, ենթադրում են նաև նախկինում արված փորձերը, որոնց արդյունքում ոչ միայն որևէ փոփոխություն բովանակության առումով չի եղել, այլև վերջին շրջանում նմանօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերաբար է դարձել։
Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են իբրև վերահսկողություն կամ այդտեսակ հաղորդումների կանխում, ըստ էության, չեն աշխատում։ Եվ սա նաև հաշվի առնելով՝ հայկական կողմը ձևակերպել է իր պատկերացումները լուծումների վերաբերյալ: Եթե դրանք աշխատեին, ձեր հարցը հնչեցնելու անհրաժեշտություն ընդհանրապես չէր լինի: Մենք սա գիտակցում ենք, և մեր ռուս գործընկերների հետ աշխատանքներում մենք սա նկատի ենք ունենում և իբրև փաստարկ ներկայացնելու ենք»։
Հարցին՝ կա՞ն ժամկետներ, թե երբ են այդ քննարկումները սկսվելու՝ նախարարը պատասխանեց. «Այո, կոնկրետ օր կա, բայց ես հիմա այն չեմ հնչեցնի»։
Այդ քննարկումներ լինելո՞ւ է արդյոք ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու հարցը, Մ.Հայրապետյանը պատասխանեց. «Պոլիտկոռեկտությունից ելնելով՝ ես մեր առաջարկների և լուծումների վերաբերյալ մանրամասներից զերծ կմնամ։ Միայն կարող եմ վստահեցնել, որ յուրաքանչյուր որոշում կամ դիրքորոշում, որ որդեգրում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, առանցքում հայ ժողովրդի և Հայաստանի արժանապատվությունն է ներդրված»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ դեսպանատունը ՀՌՀ որոշումը զիջում է որակել հայ-ռուսական հարաբերությունների խզման օգտին խոսողների համար
- ՀՌՀ-ն 30 օրով դադարեցրել է «Sputnik Արմենիա»-ի հեռարձակողի լիցենզիան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան