Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, առատ ձյան պատճառով Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Ավելի վաղ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ մարտի 19-ին, ժամը 10:20-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 18-րդ կմ-ին բախվել են «Toyota» (վարորդ՝ Կ. Ս., ծնված 1983 թ.) և «Opel» (վարորդ՝ Տ. Վ.) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա. Ս.-ն (ծնված 2018 թ․), Ա. Ս.-ն (ծնված 2009 թ.), Ս. Մ.-ն (ծնված 1988 թ․) և «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Տ. Վ.-ն, (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Տ. Վ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Կ. Ս.-ի և ուղևորների առողջական վիճակը՝ կայուն։
Մարտի 19-ին, ժամը 08:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են «Nissan» (վարորդ՝ Ռ. Պ., ծնված 1981 թ.) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ա. Բ.-ին (ծնված 1980 թ.) և մոտեցրել շտապօգնությանը. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: