Սերգեյ Խաչատրյանը, Անա Չումաչենկոն և մեծահամբավ այլ երաժիշտներ ընդգրկված են Խաչատրյանի անվան մրցույթի ժյուրիի կազմում
Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են մեծահամբավ երաժիշտներ։ Հիշեցնենք, որ այս տարի մրցույթն անցկացվում է «ջութակ» մասնագիտական կարգում։
Եվ այսպես՝ ժյուրիի կազմում են աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, ջութակահար, մանկավարժ, հեղինակավոր միջազգային մրցույթների ժյուրիի անդամ Անա Չումաչենկոն (Գերմանիա), ում ուսանողներից շատերն ունեցել են փայլուն միջազգային կարիերա, հայտնի ջութակահար Վերա Վեիլինգ Ցուն (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն), մեծ ճանաչում վայելող ջութակահար, դիրիժոր, մանկավարժ Պիտեր Չաբան (Ֆրանսիա), մածանուն ջութակահար, մանկավարժ Կոհ Գաբրիել Կամեդան (Գերմանիա),միջազգային մրցույթների ժյուրիի անդամ, ջութակի պրոֆեսոր Էսզթեր Հաֆֆները (Ավստրիա)։
Հիմնադրամից հայտնում են, որ հեղինակավոր ժյուրիի կազմը կղեկավարի մանկավարժ և ջութակահար Զոհրաբ Թադևոսյանը (Հայաստան/Իսպանիա)։ Ուշագրավ է, որ ժյուրիի գրեթե բոլոր անդամները ջութակի ոլորտում ճանաչված մանկավարժներ են։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը մեկնարկում է ամեն տարի հունիսի 6-ին։ Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաև հանրահռչակել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը։
Խաչատրյանական ստուգատեսն ամեն տարի ավելի ու ավելի է ընդլայնում իր աշխարհագրությունը, տարեցտարի մեծանում է մրցույթին մասնակցության հայտ ներկայացնող երաժիշտների թիվը։
Խաչատրյանական մրցույթն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան