Ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և կոչ անում կախված ամեն ինչ անել, որ Պուտինը չհաղթի պատերազմում. Ստոլտենբերգը՝ Փաշինյանին
«Հայաստանը վաղուց է ՆԱՏՕ-ի գործընկերը, և ես ողջունում ու դրական եմ գնահատում ձեր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին»,- Երևանում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։
Կառավարությունից հայտնում են, որ ա հայտարարության մեջ նշել է. «Մոտ 20 տարի է Հայաստանը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության կարևորագույն գործընկերներից է՝ օգնելով անվտանգ և ապահով միջավայր երաշխավորել Կոսովոյում բնակվող բոլոր համայնքների համար: Եվ ես ողջունում եմ ձեր զինծառայողների մասնակցության ավելացումը վերջին տարիներին:
Այսօրվա հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: Սա կարևոր է Եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առաջ:
Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո: Ահա, թե ինչու եմ երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և ձեր ժողովուրդների տևական խաղաղության համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին:
Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, բայց այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով:
Այսօր մենք խոսեցինք նաև Հայաստանի ներքին բարեփոխումների առաջընթացի մասին: Ես ողջունեցի այն փաստը, որ դուք աշխատում եք ձեր զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողությունն ամրապնդելու ուղղությամբ, այդ թվում՝ նաև ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրին ձեր մասնակցության միջոցով: Դուք իրական հանձնառություն եք ցուցաբերել նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ժողովրդավարական ձեր ինստիտուտներն ուժեղացնելու և իրավունքի գերիշխանությունը պահպանելու հարցում:
Հարգելի վարչապետ,
Կրկին շնորհակալություն ջերմորեն ինձ հյուրընկալելու համար և Ձեր երկրի և տարածաշրջանի համար ավելի պայծառ ապագա կառուցելուն ուղղված Ձեր աշխատանքի համար: Լիահույս եմ, որ կշարունակենք ուժեղացնել մեր գործընկերությունը՝ միասին աշխատելով ավելի մեծ խաղաղության, կայունության և բարեկեցության համար Հարավային Կովկասում և տարածաշրջանից անդին: Շնորհակալություն»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան