Ինչի՞ հիման վրա է իրականացվող այս պահին 4 գյուղերի, իսկ հետագայում 4 անկլավների հանձնման գործընթացը․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ-ում հայտարարեց, որ վերջին օրերին ակտիվ քննարկումների դաշտ մտած թեման՝ հայտնի 4 գյուղերի հանձնման վերաբերյալ, և՛ անվտանգային և՛ երկրի կենսունակության տեսանկյունից, վերաբերվում է ողջ հանրապետությանն ու նրա ապագային:
«Եկե՛ք դեռևս մի պահ, մի կողմ թողնենք վերջին մի քանի տարիներին բնութագրիչներ դարձած դավաճան, հանձնող, տապալող և այլ բառերը, որպեսզի շեղումն ու կենտրոնացումը դրա վրա չլինի, և թեման փորձենք դիտարկել տրամաբանության և քաղաքական գործընթացների բովանդակային կողմից: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ և այն կարող են սկսել այն Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում:
Առաջին հարցը, որն առաջանում է, հետևյալն է՝ իսկ ի՞նչ փաստաթղթերի և քարտեզների վրա է իրականացվելու այս գործընթացը: Ինչու եմ սա ասում, որովհետև մինչև հիմա էլ ՀՀ տարբեր պաշտոնյաներ նշում էին, որ բանակցությունների հիմնական հակասություններից մեկը, որն արտացոլված է նաև ադրբեջանական իշխանությունների պաշտոնական հայտարարություններում, վերաբերվում է սահմանների ճշգրտման տակ դրվող քարտեզներին և իրավական բազային: Հիմա, եթե այս հարցում չկա դիրքորոշումների ներդաշնակեցում կամ պարզ ասած համաձայնություն, ապա ինչի՞ հիման վրա է իրականացվող այս պահին 4 գյուղերի, իսկ հետագայում՝ 4 անկլավների հանձնման գործընթացը»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը նաև ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունը վերջին փուլում, Ադրբեջանի պահանջած 4+4 գյուղերի թեմայի համատեքստում խոսում էր Ադրբեջանի օկուպացրած հայկական տարածքների մասին։
«Սակայն հիմա, երբ խոսվում է գործնականում քայլեր ձեռնարկելու մասին, չգիտես թե ի՞նչ տրամաբանությամբ, հանձնման, ճշգրտման գործընթացը տեղի է ունենում միակողմանի՝ զիջում է Հայաստանը: Դեռ չեմ խոսում այն մասին, որ 2-3 տարի առաջ, Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս գալը որպես բանակցությունների վերսկսման նախապայման էր առաջադրում, հետո կրկին նահանջեց, իսկ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականության տեմպը բարձրացրեց:
Փաշինյանը նաև ասում է,թե իր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտալ՝ ակնարկելով այն հանգամանքը , որ Ադրբեջանն իր հետ խոսում է սպառնալիքի լեզվով, իսկ ինքն էլ ստիպված հասարակությանն է շանտաժի ենթարկում։ Եթե հիմքն այն է՝ ամեն ինչ տանք, որ պատերազմ չսկսվի, ապա հանրությունը լավ գիտի ու տեսել է տարբեր շրջափուլերում այս սկզբունքը չի աշխատել և, նույնիսկ միակողմանի զիչումներից հետո, Ադրբեջանը գնացել է նոր ագրեսիայի»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելով ․ «Իշխանությունը երկրի ներսում խոսում է հոխորտանքների, սպառնալիքների, վիրավորանքների լեզվով, իսկ երբ խոսքը գնում է բանակցային գործընթացին և Ադրբեջանի սպառնալիքների պատասխանելուն, ապա խոնարհ, ստորացված կեցվածք ունեն»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան