Մալյան. Էս աշխարհում չկա մի պատիժ, որ ինձ կստիպի ասել՝ ապրեն դավաճանները
«Ձեր առջև կանգնած է մարդ, ում համար հատուկ ավելացվել է Քրեական օրենսգրքում հոդված»,-Չաուշեսկուների գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ, գրող Նարեկ Մալյանը՝ խոսելով Քր.օրի 226 հոդվածի 2-րդ կետի մասին։
Նա նշեց՝ նույն հոդվածով իրեն տասից ավելի մեղադրանք է առաջադրվել։
Մալյանն ասաց, եթե հետևել են իր հանրային գործունեությանը, ապա տեսած կլինեն՝ տարիներ շարունակ ինքը փաստեր է հրապարակել այն մասին, որ մեր պետությունը 2018 թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության ընթացքում զավթվել է լիբերալ ֆաշիստական ցանցի կողմից։
«Լիբերալ ֆաշիստական ցանցի մասին կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ իմ նոր գիրք-ձեռնարկից, որը շուտով կհրապարակվի բանտից, որը մաս-մաս հրապարակվում է համացանցում»,-ասաց նա։
Մալյանը շարունակեց՝ վերջին տարիներին մեր կյանքում եղած բոլոր բացասական բաները դրա հետևանք են՝ Արցախի հանձնումից մինչև կոնսերվատորիայի փակում։
«Սրա մասին խոսել եմ ու խոսելու եմ։ Ի վերջո իմ ելույթներն ինձ բերեցին, հասցրեցին ամբաստանյալի աթոռին մի քանի դատարաններում»,-ասաց նա՝ նշելով, որ չի չափազանցնում։
Նարեկ Մալյանն ասաց՝ հիմնել է ՎԵՏՕ նախաձեռնությունը, պայքարել ցանցի դեմ մինչև 2019 թվականը, մինչև որոշեցին ԱԺ-ի միոջոցով Քրեական օրենսգրքում ավելացնել հոդված, որը թույլ կտա անձամբ Մալյանի դեմ քրեական գործ հարուցել։ Հոդվածն ավելացվել է 2020-ի ապրիլին, երբ համատարած լոքդաուն էր կորոնավիրուսի հետևանքով։ Օրենքի ընդունումից հետո, Մալյանն ասաց, իր դեմ գործեր են հարուցվել, որոնցից մեկն էլ սա է։
«Սա իմ կարծիքով, դասական քաղաքական հետապնդում է ընդդիմադիր գործչի նկատմամբ։ Ես ի՞նչ եմ արել, որ պետք է չանեի։ Չաուշեսկուի անունը չպե՞տք է տայի, արգելվա՞ծ է մեր երկրում Չաուշեսկուի անունը տալ, նրա մասին ներկայացում բեմադրել, միգուցե կա՞ արգելված ներկայացումների, գրքերի ցանկ։ Ներկայացրեք, խնդրում եմ, որովհետև ես լիքը պլաններ ունեմ։ Ես Հանրապետության հրապարակում խոստացել եմ բեմադրել Րաֆֆու «Սամվել»-ի մի հատված, երբ որդին սպանում է դավաճան հորը, ուրացող մորը։ Շեքսպիրի գործերից եմ ուզում բեմադրել»,-ասաց Մալյանը՝ պահանջելով հրապարակել ցանկը, որ ինքն ու այլ ստեղծագործողներ իմանան, կամ գուցե այդ ներկայացումների համար արգելված վայրեր կա՞ն, գուցե Չաուշեսկուն պետք չէր բեմադրել Բաղրամյան փողոցում, այլ «դաչեքում»։
Դիմելով մեղադրողին՝ նա հարցերց. «Ով է մեր երկրում այն մարդը, որ դարձել է դավաճան բառի հոմանիշը։ Ես ուզում եմ իմանալ։ Ո՞վ է այդ մարդը, որ վատ է զգում, երբ ասում ենք՝ մահ դավաճաններին։ Ի՞նչ անեմ, ասեմ, ապրեն դավաճանները, կեցցեն դավաճանները։ Էս աշխարհում չկա մի պատիժ, որ ինձ կստիպի՝ ես ասեմ՝ ապրեն դավաճանները։ Եթե դրա գինը իմ բանտարկությունն է, ես պատրաստ եմ վճարելու»։
Հարակից հրապարակումներ`
- Աթանեսյան. Արմեն Դանիելյանը պետք է որոշում կայացնի քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին կալանքի դեմ բերված բողոքի վերաբերյալ
- Դիմակը պատռված է, քաղաքական հետապնդման փաստն՝ ապացուցված․ Նարեկ Մալյանի պաշտպաններ