2024 թ․-ից մեկնարկում է ջրծաղիկի պատվաստման ծրագիրը․ Ավանեսյան
«Մանկապարտեզներում երեխաների հիվանդությունների աճ է նկատվում, վերահսկողություն չկա՞, ո՞նց է լինում, որ այդքան շատ է լինում։ Ի՞նչ է արվում, որպեսզի դրա դեմն առնվի»,- ԱԺ-ում հարց ու պատասխախանի ընթացքում հարց հնչեցրեց պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
Ի պատասխան Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Վարակիչ հիվանդությունների լարվածությունը նվազել է։ Եթե հունվար-փետրվար ամիսներին մինչև 18 տարեկան երեխաների շրջանում բավականին ակտիվացում ունեինք սեզոնային վարակի, ապա վերջին երկու շաբաթվա ընթացքում նկատելի է թվերի նվազում՝ թե՛ հիվանդացության, թե հոսպիտալացման առումով։ Իսկ ընդհանուր առմամբ մանկապարտեզներում, դպրոցներում հիվանդացության մասով մի քանի գորոծողություններ կան, որոնք նպաստում են հիվանդությունների նվազմանը։ Առաջինը՝ պատվաստումներն են, օրինակ՝ գրիպի դեմ , եթե աշնանն անցնեն պատվաստում, ապա այս սեզոնին պաշտպանված կլինեն ծանր վիրուսներից։ Ասեմ, որ 2024 թ․-ից մեկնարկում է ջրծաղիկի պատվաստման ծրագիրը։ Կարծում եմ՝ կարևոր ներդրում է։ Հաջորդ միջոցը ՝ հիգիենային հետևելն է և հիվանդ վիճակով երեխայի մանկապարտեզ չհաճախելը»։