«Ժողովուրդ». Փաշինյանը կրկին անհարմար դրության մեջ է դրել իր թիմակիցներին. ՔՊ-ականները չգիտեն՝ ինչ խոսել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը կրկին անհարմար դրության մեջ է դրել իր թիմակիցներին. ՔՊ-ականները չգիտեն՝ ինչ խոսել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արված վերջին հայտարարություններից հետո ՔՊ-ականները փակուղում են հայտնվել, չգիտեն՝ ինչ խոսել, ինչպես մեկնաբանել իրենց ղեկավարի հերթական աղմկահարույց հայտարարությունները: Չնայած իշխանությունները մինչ այս ամեն կերպ հերքում էին, թե Հայաստանը նոր տարածքներ է հանձնելու, ու վստահեցնում էին, որ նոր զիջումներ չեն լինելու, բայց երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած այցի ժամանակ հաստատեց, որ սահմանազատում և սահմանագծում է իրականացվելու Տավուշում:
«Մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում», – նշել էր նա։
Ավելին՝ ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հանդիպման մասնակից քաղաքացիներն էին «գաղտնազերծել», Փաշինյանը հերթական անգամ վախեցրել է տեղացիներին, թե եթե զիջումների չգնանք, Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու: Իհարկե, բնակիչները խայտառակ վատ են խոսել Փաշինյանի հետ, իրենց խոսքերով՝ «ցեխն են թաթախել ու հանել»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, իհարկե, դռնփակ նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ պետք է աշխատեն մարդկանց հետ և բացատրեն, որ սահմանազատումը ենթադրելու է որոշ տարածքների հանձնում, բայց, ամեն դեպքում, ՔՊ թիմում միայն հաշված թվով մարդիկ են տիրապետում իրական վիճակին: Սրա մասին վկայում է նաև իշխանական պատգամավորների խուճապահար պահվածքը. երբ լրագրողները նրանց մոտենում և մեկնաբանություն էին ցանկանում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների վերաբերյալ, նրանք, մեղմ ասած, փախչում էին, որպեսզի խուսափեն իրենց ուղղված հարցերին պատասխանելուց: Նրանք բոլորը հավաքական իմաստով ոչ միայն պատասխանատու են այս իրավիճակի համար, այլև ուղղակի երկրի հանձնման գործընթացին մասնակից են՝ անկախ իրենց իմացությունից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում