Սևանա լճի լողափը շահագործվել է առանց անվտանգության ապահովման, ինչը հանգեցրել է 63-ամյա անձի ջրահեղձ լինելուն
Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է դեռևս 2022թ. սեպտեմբեր ամսին Երևանի բնակչի՝ Սևանա լճում ջրահեղձ լինելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2022թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ծովազարդ գյուղի «Ո…» կոչվող լողափում ջրասուզվել է մի տղամարդ։ Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում՝ ափից շուրջ 30 մետր հեռավորության վրա, ջրահեղձ եղած վիճակում, հայտնաբերվել է Երևան քաղաքի 63-ամյա բնակչի դին՝ առանց բռնության հետքերի։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ԱՁ տնօրենը «Սևան ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ կնքված համապատասխան պայմանագրով Ծովազարդ գյուղի ափամերձ հատվածում ձեռք է բերել հողամաս, որտեղ հիմնել է «Ո…» հանգստյան գոտին և շահագործել այն որպես լողափ՝ քաղաքացիներին մատուցելով ծառայություններ:
Համաձայն ՀՀ կառավարության 2008թ․ դեկտեմբերի՝ «Սևան ազգային պարկ»-ի և դրան հարող տարածքներում հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի տրամադրման և քաղաքաշինական գործունեության իրականացման մասին որոշման՝ առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների լողափերի շահագործումը չի թույլատրվում:
ՔԿ փոխանցմամբ, վարույթն իրականացնող մարմինը «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին համապատասխան գրություն է ուղարկել՝ խնդրահարույց լողափի վարձակալությանը, ինչպես նաև՝ որպես հասարակական նշանակության օբյեկտ շահագործման պայմանների և վարձակալողին ներկայացվող պարտադիր պահանջներին վերաբերող մի շարք հարցեր պարզելու նպատակով:
ՊՈԱԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ամեն տարի՝ լողափնյա սեզոնին ընդառաջ, ՊՈԱԿ-ը տեղեկացնում է բոլոր վարձակալներին, որ շահագործվող և բուֆերային գոտիներում գտնվող լողափերի շահագործումն առանց փրկարարական ծառայությունների արգելվում է՝ ուղարկելով համապատասխան ծանուցագիր։ Վերոնշյալ տնտեսվարողը ևս ծանուցվել է այդ մասին։
Սակայն քննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի բնակիչ անհատ ձեռնարկատերը տարիներ շարունակ նշված հանգստյան գոտին շահագործել է ոչ միայն առանց ցանցապատելու և այն գտնվել է առանց հսկողության, այլ նաև լողափը շահագործել է առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների։
Արդյունքում 63-ամյա տղամարդը, նշված օրը հանգստյան գոտու սպասարկման հատվածում լողալու ժամանակ, ափից համեմատաբար մոտ տարածության վրա, խեղդվել է, և նրան հնարավոր չի եղել օգնություն ցուցաբերել:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ անհատ ձեռնարկատեր, «Ո…» հանգստյան գոտու տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ․․․ ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք):
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան