Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է, որ գործազրկության պատճառով 800 հազար քաղաքացի լքել է երկիրը
Վրացական ընդդիմադիր «Ագմաշենեբելու ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Պաատա Մանջգալաձեն պնդում է, որ վերջին տասը տարիների ընթացքում գործազրկության և աղքատության պատճառով 800 հազար քաղաքացի լքել է Վրաստանը՝ արտագաղթելով արտասահման։
«Մեզանից յուրաքանչյուրի շրջապատում կա մի ընտանիք, որի անդամներից մեկը գտնվում է արտերկրում, վերջին տասը տարիների ընթացքում երկիրը լքել է Վրաստանի մինչև 800 հազար քաղաքացի, ինչպես նաև ոստիկանության շարքերը լքել է մոտ յոթ հազար մարդ, որոնց մեծ մասն արտագաղթել է սոցիալական ծանր վիճակի պատճառով: Հայտնի փաստն այն է, որ Քութաիսիում պարեկային ոստիկանության ամբողջ վաշտը մեկնել է Ամերիկա, սա ծանր իրողություն է»,-«ՌԻԱ նովոստի»,-ի փոխանցմամբ, չորեքշաբթի խորհրդարանական նիստի ժամանակ ասել է Մանջգալաձեն:
Իր հերթին, խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն ասել է, որ այդ թիվը ճիշտ չէ, քանի որ ընդդիմությունը հաշվի է առել միայն երկրից հեռացած, բայց չվերադարձած քաղաքացիների թիվը։ «Կեղծիք և սուտ է այդ թիվը 800 հազար ներկայացնելը»,-ասել է Մդինարաձեն։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի վարչապետը կայցելի Ադրբեջան և Հայաստան
- Բաքվում մեկնարկել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը
- Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կայցելի Հայաստան և Ադրբեջան