Ադրբեջանը որտեղ չի կարողանում իր ուժերով ներխուժել, դա անում է Ձեր ձեռքով․ Վարդանյանը՝ Փաշինյանին
«Կուզեք՝ կանջատեք ընդդիմադիրների խոսափողը, կուզեք՝ ձայնից կզրկեք, բայց պարզագույն ճշմարտություն կա՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Երևի մեկը ձեզ պետք է ասի ՝ Նիկոլ Փաշինյանից հետո կյանք կա»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ շարունակելով․
«Վստահ եմ՝ բոլորդ շատ լավ հասկանում՝ ինչ եք անում, որևէ բան ապացուցելու կարիք չկա, ուղղակի հանրության համար արձանագրենք՝ դուք այստեղից ասում եք,որ չկա սահմանագծման և սահմանազատման հիմք, փաստացի իրավական հիմք՝ համաձայնեցված քարտեզ, որով իրականացնում եք գործընթացը։ Փաստացի ՝ դուք կատարել եք ողջ բանակցային պրոցեսում Ադրբեջանի պահանջներից հերթականը, որ առանց հիմքը ֆիքսելու նախաձեռնել եք գործընթացը։ Մյուս հանցանքն այն է, որ այդ գործընթացը նախաձեռնել եք մեր պաշտպանական գծի ամենաուժեղ հատվածում, որտեղ ունենք կահավորված դիրքեր և կան դժվարություններ Ադրբեջանի համար դիրքեր գրավելու։ Ի՞նչ է ստացվում։
Ադրբեջանը որտեղ չի կարողանում իր ուժերով ներխուժել, դա անում է Ձեր ձեռքով։ Հիմա մանիպուլյացիան այստեղ՝ գյուղ չենք հանձնում, տարածք է։ Այն տարածքները, որի մասին խոսում եք, դրանից առա՞ջ են հայ զինվորները կանգնած,թե՞ հետ և խոսում եք հայ զինվորներին հետ քաշելու մասին, սրանով իսկ կազմաքանդելով Տավուշի հատվածը։
Հաջորդը՝ նկատե՞լ եք, որ հայ ժողովրդին սկսել եք Ալիևից շատ սպառնալ։ Այն քարտեզը, որը դուք ցույց եք տալիս, գոյություն չունի։ Գուցե ՀԱՊԿ-ից առաջ Ադրբեջանի առջև նախապայման դնեիք՝ օկուպացված տարածքներից դուրս գալու։ Բոլոր այս հրամանները կատարողները պետք է հասկանան, որ սրանք հանցագործություններ են և որևէ մեկն իրավունք չունի դրանք կատարելու»։