«Հրապարակ». Չի կարող լինի դրսից մեկը. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություն է սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ապրիլի 3-ին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրություն է, առաջադրումները նախօրեին ավարտվել են: 1996-ից ֆակուլտետը ղեկավարող Գագիկ Ղազինյանը չի առաջադրվել, ֆակուլտետի գիտխորհրդի երաշխավորությամբ ինքնառաջադրվել է նրա մտերիմ Հարություն Խաչիկյանը, ով նույնպես հնաբնակներից է` 1994-ից դեկանի տեղակալն է։ Մյուս թեկնածուն Գևորգ Պետրոսյանն է, ում ԵՊՀ-ից հեռացրել են, նա դատական կարգով վերականգնվել է, եթե առաջիկայում որոշումը չբողոքարկեն։
Դեռ ամիսներ առաջ լուրեր կային, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ եթե Գագիկ Ղազինյանն առաջադրվի, տապալեն ընտրությունը և դեկանի ԺՊ նշանակեն իրենց մարդուն՝ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով չունի ո՛չ գիտական աստիճան, ո՛չ դոցենտի կոչում, ինչը պարտադիր պահանջ է։
ԵՊՀ աղբյուրների փոխանցմամբ՝ Դավթյանը հրաժարվել է առաջարկից, իսկ ԵՊՀ-ում կոնսենսուսի են եկել՝ ո՛չ Ղազինյանը, ո՛չ «դրսից» մարդ, այլ կոլեկտիվի ուզած թեկնածուն։ Գագիկ Ղազինյանն իր չառաջադրվելու մասին ասաց. «28 տարի դեկան եմ աշխատել, չէի ասի, որ սահմաններն անցել եմ, բայց բոլոր դեպքերում այն կարծիքին եմ, որ պետք է հնարավորություն տալ մյուսներին։ Մեր ֆակուլտետում այդպիսի մարդիկ առնվազն 2-3 հոգի կային, նույն՝ Խաչիկյանը, որը նման ցանկություն է հայտնել և ունի ֆակուլտետի գիտխորհրդի աջակցությունը։ Պետք է բոլորով օգնենք, որ ֆակուլտետը ոչ միայն դիրքերը չզիջի, այլ մի բան էլ բարձրացնի»։
Նա չհերքեց, որ ընդհանուր հայտարարի են եկել. «Չի կարող լինի դրսից մեկը... Այդ կարծիքը ձևավորվել է մեր ֆակուլտետում, դեկանատի նիստում մոտ 100 մարդ է եղել, որևէ մեկին չենք հարցրել, ֆակուլտետը գնահատում է իր հեղինակությունը, եթե ԵՊՀ խորհուրդն այլ կարծիք ունի, կդրսևորի»։
Դեկանի թեկնածուին առնվազն 41 ձայն է պետք՝ ընտրվելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան