Չեմ կարծում, որ անվստահության խորացմանը զուգահեռ կավելանա անվտանգության բաղադրիչը.Վիգեն Հակոբյան
ԱԺ-ն մարտի 20-ին վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը։ Ինչքանով այդ որոշումը կնպաստի Հայաստանի անվտանգային համակարգի ամրապնդմանը և արդյոք չկա ռիսկ, որ այն դառնա աշխարհաքաղաքական կենտրոնների բախման առիթ՝ արդեն ՀՀ տարածքում։
Panorama.am-ը վերոնշյալ հարցերի շուրջ զրուցեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանի հետ
«Ես կարծում եմ, որ այն էլ ավելի կխորացնի ճգնաժամը, որն առկա է, այսպես ասած, ավանդական կամ ռեգիոնալ գործընկերների հետ կապված, մասնավարապես՝ Իրանի և Ռուսաստանի հետ։ Չեմ կարծում, որ անվստահության խորացմանը զուգահեռ կավելանա անվտանգության բաղադրիչը, քանի որ մասնավորապես Եվրամիությունը մեր տարածաշրջանում գետնի վրա որևէ կերպ ներկայացված չէ և անվտանգային առումով ինչ -ինչ, բայց ԵՄ-ն բացարձակապես անպիտան ինստիտուտ է։ Խոսելով Արևմուտքի մասին՝ մի բան է, երբ խոսքը գնում է Միացյալ Նահանգների մասին, մի բան է, որ, գուցե, խոսվում է ՆԱՏՕ-ի մասին՝ դա էլ մեծ վերապահումով ասած, բայց այլ բան է, երբ պետք է ասեն, թե ԵՄ-ն պետք է այստեղ անվտանգությունն ավելացնի, որովհետև ԵՄ-ն ինքը չունի անվտագային սեփական ինստիտուտներ։
Մի կողմից անվստահությունն է խորացնելու, այս քայլը։ Ինչպես նշեցինք արտաքին վեկտորի ուղղության փոփոխման քայլի մասին՝ միգուցե բավականին շեշտադրված, բայց այն որևէ բան չի ավելացնում մեր անվտանգության ճարտարապետության մեջ, այն չի ուժեղացնում, հակառակը, ես կասեի, թուլացնում է, որովհետև թե՛ Ռուսաստանը, թե Իրանը, ի տարբերություն եվրամիությանը, այստեղ ներկայացված են գետնի վրա՝ կոնկրետ ուժային գործոնների, զինված ուժերի, ռազմաքաղաքական դաշինքների տեսքով։ Իրենք ի դեմս ԵՄ դիտորդների տեսնում են ոչ թե զուտ դիտորդական առաքելություն, այլ ավելի շատ հետախուզական առաքելություն։ Իրանը մի քանի անգամ բացահայտ հայտարարել է, որ իր համար անընդունելի է, որ տարածաժրջանային հարցերը լուծվեն արտատարածաշրջանային կամ գեոքաղաքական ուժերի կողմից»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հետևանքները բավականին տխուր կարող են լինել մեզ համար. Հայկ Նահապետյան
- ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար
- Հայաստանում ԵՄ առաքելությունը նշում է մեկամյակը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան