Զինված ավազակային հարձակում Երևանում. Տուժածն ԱՄՆ քաղաքացի է
Այսօր՝ մարտի 21-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պռոշյան փողոցում գլխի հատվածում վնասվածք ստացած քաղաքացի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավոր քաղաքացուն, ով սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Մովսիսյանի գլխավորությամբ:
Տարածքը պարեկները սահմանազատել են, դեպքի վայրում էլ հայտնաբերել են ատրճանակ: