Փորձում ենք վերագտնել մեզ և նույն ոգով ստեղծագործել Հայաստանում` տարածելով արցախյանը. Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիա
Այսօր տիկինիկային արվեստի միջազգային օրն է: Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան օրվա առիթով գրում է.
«Ուզում ենք հետադարձ հայացք ուղղել դեպի մեր անցած ուղին:
44-օրյա պատերազմից հետո, երբ ամեն ինչ շատ բարդ էր, մենք ստեղծեցինք Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան: Վերջինիս նպատակն էր հեքիաթի միջոցով մեր փոքրիկներին հանել հետպատերազմյան սթրեսից:
Ներկայացումներից զատ մենք ստեղծեցինք տիկնիկագործության խմբակ, որի ընթացքում երեխաները իրենց ձեռքով պատրաստում էին տիկնիկներ, ապա ուսումնասիրելով բեմական խոսքի կանոնները, իրենց տիկնիկներով բեմադրում էին ներկայացումներ:Մեր ստուդիայում իրականացնում էինք նաև հեքիաթաթերապիա, տիկնիկաթերապիա, կավաթերապիա , ասեղնագործության, ազգային երգի ու պարի խմբակներ։
Մեր հատուկ մանկավարժների շնորհիվ աշխատում էինք հաշմանդամություն ունեցող երեխաների հետ:
Ուզում ենք նշել, որ այս ամենը իրականցնում Էինք անվճար հիմունքներով:
Մեր ներկայացումները զուտ ժամանցային չեն, քանի որ դրանք բեմադրվում են արցախյան ենթաբարբառներով: Երեխաները սովորելուց զատ տարածում ու պահպանում են մայրենի բարբառը: Մեր նպատակն է ամուր կապված լինել ազգային ավանդույթներին և արմատներին:
Մեր զենքը այս նպատակն է, որով մենք կռվում էինք Արցախում:
Հիմա, երբ Հայաստանում ենք, փորձում ենք վերագտնել մեզ և նույն ոգով ստեղծագործել այստեղ` տարածելով արցախյանը:
Վերջինիս վառ ապացույցը մեր հյուրախաղերն էին, ստուդիայի ստեղծման պահից մինչև արցախյան վերջին պատերազմը մենք ակտիվ հյուրախաղերով հանդես էինք գալիս Արցախի սահմանամերձ գյուղերում և հեքիաթ պարգևում մեր փոքրիկներին, պատերազմից հետո ևս Սյունիքում և ՀՀ մնացած մարզերում հանդես եկանք ներկայացումներով, որտեղ ևս հազարավոր երեխաների կարողացանք պարգևել հեքիաթ և արցախյան ժպիտներ:
Շնորհավորում ենք ոլորտի նվիրյալներին և ցանկանում բեղուն ստեղծագործական ուղի»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի «Ծիլը» շարունակում է հեքիաթները ներկայացնել արցախյան բարբառով
- «Ծիլը» դեռ Արցախում է...
- Այս ծանր օրերին նույնպես «Ծիլ» տիկնիկային ստուդիան շրջում է տարբեր վայրերում և երեխաներին հեքիաթ պարգևում
- Ստեփանակերտի «Ծիլ» տիկնիկային ստուդիայի երեխաները հեռավար ծանոթացել են Երևանի Տիկնիկային թատրոնում ցուցադրվող տիկնիկային արվեստի նմուշներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան