Այսօր ազատամարտիկ-կինը 85 տարեկան է
Արցախցի ազատամարտիկ տիկին Թամարան տոնում է ծննդյան 85-ամյակը։ Այսօր Ասկերանից բռնի տեղահանված կինն այսօր ապրում է Վեդիում։
«Բերդ» թերթ ֆեյսբուքյան էջը ներկայացնում է տիկին Թամարայի մասին հիշողությունները, նրա ապրումները.
«Ասես երեկ էր․ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ այցելեցինք բոլորիս քաջածանոթ, Արցախի անձնվեր դուստր Թամարա Նազարյանի ծննդյան 80-ամյակը շնորհավորելու։ Մեզ հետ էին Ասկերանի քաղաքապետ, ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախագահ, երջանկահիշատակ Սամվել Աղաջանյանը, Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը, մարտական ընկերներ։
Ինչքա՜ն էր ուրախացել ու հաճելիորեն զարմացել տարեց կինը․ հավանաբար նման պատվի չէր սպասում: Ծերունական աչքերում ծվարած թախիծը հիշեցնել էր տալիս նրա ապրած ոչ այնքան լավ օրերի, տեսած դառնությունների մասին: Այդ աչքերի մեջ դրոշմված էր մի ողջ կյանք։ Հիշում եմ՝ մարտական ընկերներին տեսնելով՝ միանգամից երիտասարդացավ 80-ամյա ազատամարտիկը: Ամբողջովին վերափոխվեց և սկսեց հուշերի պատառիկներ պատմել պատերազմական տարիներից: Երբեմն հառաչում էր, և լռության րոպեներ էին թևածում փոքրիկ սենյակում, ապա աշխուժանում էր ու շարունակում պատմել․․․
Անթաքույց շնորհակալությամբ էր լցված անսպասելի հյուրերի այցելության համար: Նշանակում է՝ գնահատվել է նրա արածը․ չէ՞ որ մի ողջ կյանք է նվիրաբերել Հայրենիքի պաշտպանությանը…Շոյված էր բոլորի վերաբերմունքից ու գարնանային սքանչելի ծաղիկներից։ Իսկ հետագայում նա մեր խմբագրության հավատարիմ այցելուն էր․․․
․․․Որքա՜ն ջրեր են հոսել այդ օրերից, ինչեր ասես, որ կարկուտի նման չեն տեղացել անմեղ արցախցիների գլխին, իսկ վերջում էլ ամենաողբերգական ճակատագիրը բաժին հասավ Արցախ աշխարհին։
Այսօր ազատամարտիկ-կինը 85 տարեկան է, բռնի տեղահանված հարազատ բնօրրանից, բնակվում է ՀՀ Վեդի քաղաքում։ Նրա մորմոքված սիրտը չի դադարում մղկտալ հայրենիքի կորստի, հարյուրավոր զոհերի համար, իսկ 1992 թվականին թշնամու կողմից գերեվարված 73-ամյա մոր ճակատագիրը շարունակում է կեղեքել նրան։
Քույրը՝ Նադեժդան է խնամում նրան, հոգում կարիքները։ Առողջական խնդիրներ ունի մեր սիրելի զինվոր Թամարան և պատրաստվում է ծանր վիրահատության։ Տա Աստված, ամեն ինչ բարեհաջող ավարտվի։ Ասկերանի շրջանի բնակչության անունից շնորհավորում ենք քո ծննդյան տարեդարձը և առողոջություն ու հոգու խաղաղություն մաղթում։
Ծնվել է 1939 թվականի մարտի 15-ին Ասկերանի շրջանի Արանզամին գյուղում, Արմենակ և Աստղիկ Նազարյանների բազմազավակ ընտանքում։ Թամարա Նազարյանն ավարտելով Նախիջևանիկի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը և ստացել մաթեմատիկայի ուսուցչի մասնագիտություն: Իր մասնագիտությամբ աշխատել է Աբովյանի շրջանի Գետաշեն գյուղի դպրոցում, ապա Սևանի դպրոցներից մեկում:
1974 թվականին վերադառնում է հարազատ գյուղ և աշխատանքի անցնում Նախիջևանիկի, հետագայում Խրամորթի միջնակարգ դպրոցներում:
Երբ սկսվեց Ղարաբաղյան Շարժումը, Թամարա Նազարյանը վայր դրեց ուսուցչամատյանը և զենք վերցրեց: Նրա որոշումն անխախտ էր. մինչև հաղթանակի օրը Հայրենիքի պաշտպանը լինել: Պարտիզանական ջոկատների կազմում՝ հերթապահություն էր իրականացնում համագյուղացիների հետ, քանի որ թուրքը փորձում էր թափանցել հայկական բնակավայրեր: Ապա արծվասիրտ հայուհին Ասկերանի նորաստեղծ գումարտակում էր: Նա մասնակցել է մի շարք գյուղերի ազատագրման մարտերի, կարողացել է տիրապետել ռազմական տեխնիկային: Որպես տեղանքի լավ գիտակ՝ ուղեկցում էր հետախույզներին և տանում ճիշտ ուղղությամբ: Միշտ թաքցնում էր իր տարիքը և շարունակում թշնամու դեմ պայքարը երիտասարդների հետ միասին: Անվախ, համարձակ և հայրենասեր հայ կնոջ օրինակելի կերպար էր Թամարա Նազարյանը:
Մարտերի ընթացքում նա մայրական հոգատարությամբ էր շրջապատում զինվորներին, հուսադրում նրանց և իր պահվածքով բարձրացնում նրանց կամքի ուժը: Փառավոր մարտական ուղին, որով նա այսօր հպարտանում է, երկար էր ու դժվարին: Արանզամինի, Նախիջևանիկի, Փրջամալի, Սառնաղբյուրի, Ավդալ-Գյուլափլուի, Աղդամի ազատագրման բոլոր մարտերի մասնակիցն էր քաջ հայուհին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա