Ամենախոշոր հարձակումն է տեղի ունեցել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա
Ուկրաինական «Ուկրհիդրոէներգոյի» ընկերությունը Telegram-ի իր ալիքում հայտնում է, որ հարված է հասցվել Դնեպրի հիդրոէլեկտրակայանին և Ուկրաինայի Զինված ուժերի կողմից վերահսկվող Զապորոժիե քաղաքում գտնվող ամբարտակին, արտակարգ ծառայություններն աշխատում են կրակը մարելու ուղղությամբ։
«Այսօր վաղ առավոտյան, ռուսական հրթիռները կրկին հարձակվել են Ուկրաինայի բազմաթիվ օբյեկտների վրա, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտների վրա: Ցավոք, խոցվել է նաև Ուկրաինայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը՝ Զապորոժիեի «Դնեպրո ՀԷԿ»-ը»,-ասվում է «Ուկրհիդրոէներգոյի» հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կայանում հրդեհը շարունակվում է։ Տեղում են շտապօգնության ծառայությունները և էներգետիկները։ Միաժամանակ, ինչպես վստահեցրել են ընկերությունից, փլուզման վտանգ չկա, ամբարտակում իրավիճակը վերահսկելի է։
Իր հերթին, ուկրաինական Liga.net հրատարակությունը հայտնում է, որ Դնեպրի հիդրոէլեկտրակայանի պատվարի երկայնքով երթևեկությունը արգելափակվել է կայանում տեղի ունեցած պայթյունից հետո։
«Զապորոժիեի շրջանի պարեկային ոստիկանությունը հայտարարել է, որ երթևեկությունն իրականացվում է Խորտիցիա կղզու կամարակապ կամրջով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ուրբաթ ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը էներգետիկ համակարգի վրա հարձակումն անվանել էր «ամենամեծը» վերջին ժամանակներում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին ուկրաինական ԶԼՄ-ները, երկրի մի շարք շրջաններում ավիահարվածի մասին տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են լսվել Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկի, Վիննիցայի մարզերում, ինչպես նաև Կիևում, Խարկովում, Կրիվոյ Ռոգում և Սումիում։ Պայթյուններից հետո Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի քաղաքը մասամբ մնացել է առանց էլեկտրականության։
Ռուսաստանի զինված ուժերը սկսել են հարվածներ հասցնել ուկրաինական ենթակառուցվածքին 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած հարձակումից երկու օր անց, որի թիկունքում, ըստ ռուսական իշխանությունների, կանգնած էին ուկրաինական հատուկ ծառայությունները։
Հարակից հրապարակումներ`
- Հակամարտությունն Ուկրաինայում անդրադառնում է միջազգային անվտանգության վրա. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան
- Մեծ Բրիտանիան հնարավոր է համարում Ուկրաինա զինվորականների ուղարկումը
- Բորել. Ուկրաինայում իրավիճակը կլուծվի երեք ամսից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին