Սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, քաղաքական ռեպրեսիա է. Մելիքյանը՝ Սամսոնյանի ձերբակալության մասին
«Հերթական դրսևորումն է, երբ ընդդիմադիր անձին, ընդդիմադիր հանրային գործչին ձերբակալում են, ազատությունից զրկում են խոսք արտահայտելու համար»,- անդրադառնալով հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը՝ ուղիղ եթերում ասաց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանի վրա «կարվում է հոդված, մասնավորապես խուլիգանության ծանրացնող հանգամանքներով հոդվածը, որը նաև ենթադրում է ազատազրկման պատժատեսակ մինչև 5 տարի ժամկետով»։
«Իմացեք, որ Նարեկ Սամսոնյանին բռնել են ոչ թե մագնիտոֆոն գողանալու, որևէ մեկի նկատմամբ բռնություն գործադրելու համար, բռնության կոչի համար, այլ «Իմնեմնիմի» հաղորդաշարը՝ ընդդիմադիր շատ լուրջ հայտ ներկայացնող հարթակը, փակելու նպատակով, այդ հաղորդման բովանդակության համար։ Այդպես է ստացվում»,- ասաց փաստաբանը։
Ռ.Մելիքյանն ընդգծեց, որ սա ուղիղ հարված է ընդդիմադիր խոսքին, ուղիղ քաղաքական ռեպրեսիա է։
Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանին ձերբակալել են մեկ ժամ առաջ իր տան մոտակայքից, «Նիկոլ Փաշինյանի ոճով՝ գետնին պառկացնելով»։
Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։
Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածը վերաբերում է խուլիգանությանը, հոդվածի երկրորդ մասի 1-ին և 3-րդ կետերը սահմանում են.
Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ նույն եղանակներով միջոցառումներ կամ արարողություններ խափանելով կամ հիմնարկների կամ կազմակերպությունների բնականոն աշխատանքը խոչընդոտելով, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից,
3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով`
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- ՔԿ-ն պարզաբանում է, թե ինչու է ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը
- Ինչպես են դիմակավորված իրավապահները բռնի կերպով ձերբակալում Նարեկ Սամսոնյանին
- Ահազանգ. Շատ կոշտ ձևով ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան