Արցախյան պատերազմի մասին պատմող «250 կմ» ֆիլմը միջազգային կինոփառատոնում մրցանակների է արժանացել
Նյու Յորքում կայացած SR Socially Relevant Film Festival New York կինոփառատոնում ռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի «250 կմ» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել. «լավագույն կին ռեժիսոր» անվանակարգում մրցանակ է ստացել հենց Հասմիկ Մովսիսյանը, իսկ Ռուզան Խաչատրյանը ճանաչվել է «լավագույն դերասանուհի»։
2022 թ. նկարահանված 22-րոպեանոց ֆիլմը Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի («ВГИК») շրջանավարտ, կինոռեժիսոր Հասմիկ Մովսիսյանի դիպլոմային աշխատանքն է, այն պատմում է արցախցի մի տղայի մասին, որը Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ մեքենայով իր ընտանիքին Արցախից հասցրել էր Հայաստան՝ վարելով հենց 250 կմ։
Ռուզան Խաչատրյանը «250 կմ» ֆիլմում մարմնավում է տղայի մորը։ Սա ռեժիսոր Ռուզան Խաչատրյանի առաջին դերն էր կինոյում։ Panorama.am-ի հետ զրույցում նա պատմում է, թե ինչպես է նկարահանվել այդ ֆիլմում.
«44-օրյա պատերազմից հետո դեռևս ВГИК-ի ուսանող Հասմիկ Մովսիսյանը որոշում է, որ պետք է դիմպոլային աշխատանքը պատերազմի թեմայի մասին լինի։ Այդ ժամանակ պատահական հեռուստացույցով պատմություն է լսում, որ արցախցի երկու տղաները՝ 11-ամյա Աշոտն ու 14-ամյա Վահեն, որոնց հայրերը եղել են մարտի դաշտում, իսկ իրենք պատերազմական վատ գոտում՝ Մարտակերտում և Քարվաճառում, ստիպված ընտանքիներն մեքենաներով տեղափոխում են Երևան։ Նրանք մեքենա են վարում ուղիղ 250 կմ՝ Արցախից Հայաստան տարածքը։
Հասմիկի վրա այդ պատմությունները շատ է ազդում և որոշում է այդ պատմությունները դարձնել ֆիլմ։ Հանդիպում է երկու ընտանիքների հետ։ Երկու պատմությունները միացնում է իրար։ Ֆիլմում յուրաքանչյուր դրվագ իրական է, կերպարներն իրական են։ Գլխավոր դերակատարը հենց այդ երկու պատանիներից մեկն է՝ Վահեն։
Հասմիկի համար կարևոր էր, որ դերասանները լինեին Արցախից ու ֆիլմը լիներ արցախյան բարբառով։ Այդ ժամանակ ես Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն էին։ Նա կապնվում է ինձ հետ, խնդրում է դերասանների հարցում օգնել։ Հանդիպում ենք, զրուցում ենք մի երկու-երեք ժամ, խորհուրդ եմ տալիս՝ որ կերպարում ում եմ տեսնում։ Հասմիկն ասում է՝ այս ամբողջ ընթացքում մտածում էի, որ տղայի մոր կերպարը հենց դու խաղաս։ Ես ասացի՝ չէ, ես չեմ խաղում, ռեժիսոր եմ, երբեք չեմ մտածել ֆիլմում խաղալու մասին։ Համոզեց։ Ես փորձեցի և դա իմ առաջին դերն է կինոյում»։
Ֆիլմն այս տարիների ընթացքում մասնակցել է տարբեր միջազգային փառատոների, արժանացել մրցանակների որպես լավագույն ֆիլմ։
«Ես շնորհակալություն եմ հայտնում Հասմիկին, որ համարձակություն ունեցավ ու անդրադարձավ այս նուրբ թեմային առանց որևէ պաթոսի ու ավելորդ էմոցիաների։ Ինձ թվում է, որ ֆիլմի հաջողությունը հենց դրանում է։ Բոլոր իրական դերակատարները՝ երեխաներն ու մեծահասակները, 2020 թվականին իրականում անցել են այդ մղջավանջի միջով։ Ոչ մի կեղծ բան չկա, բոլորս բնական վիճակներում ենք։ Իհարկե, շատ ցավալի էր բոլորիս համար»,- ասում է Ռ.Խաչատրյանը։
Նա համոզված է՝ այսօր էլ «250 կմ» ֆիլմն ասելիք ունի, ևս մեկ ճանապարհ է խոսելու այն խնդիրների մասին, որոնք այսօր աշխարհում կան հենց պատերազմների պատճառով։
Հարցին՝ երեք տարի առաջ եք խաղացել ֆիլմում, եթե հիմա նկարահանվեր՝ այլ կերպ կխաղայի՞ք, նկատի ունենալով նաև 2023 թ. սեպտեմբերյան իրադարձություններն ու արցախցիների բռնի տեղահանությունը, Ռ.Խաչատրյանը պատասխանում է. «Արցախի հայաթափումից հետո՝ մոտ հինգ ամիս առաջ, ինձ զանգեց մի պրոդյուսեր, ասաց՝ իսպանացի ռեժիսորն ուզում է ֆիլմ նկարահանել 12-ամյա Արենի մասին, ով փրկել է իր ընտանիքին՝ մեքենայով նրան Արցախից Հայաստան տեղափոխելով։ Ես աշխատել եմ թատրոնում Արենի մայրիկի հետ։ Իրենք ուզում էին, որ ես խաղայի տղայի մայրիկի դերը։ Ծիծաղում եմ ու ասում՝ այդ թեմայով արդեն ֆիլմ նկարահանվել է, ու ես խաղացել եմ հենց մոր դերը։ Այդ ծրագիրը չեղարկվեց՝ իմանալով, որ այդ պատմությամբ արդեն նկարահանվել է ֆիլմ և ունի փառատոնային հաջող ընթացք։
Բայց եթե չլիներ էլ «250 կմ» ֆիլմն ու ես խաղացած չլինեի այդ դերը, ես այս անգամ կհրաժարվեի, որովհետև հիմա բավականին բարդ է այդ թեմային անդրադառնալը, այդ թեմայով ավեստի հետաքրքիր գործ ստեղծելը, քանի որ ամեն ինչ շատ թարմ է, նոր է»։
Հարակից հրապարակումներ`
- 40 ժամ ղեկին անցկացրած 12-ամյա Կարենը որոշել է գտնել իր արցախցի ընկերներին
- Արցախցի 12-ամյա Կարենը վստահ է՝ ընտանիքին դեռ մեքենայով տուն է տանելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան