Վերջին տասնամյակներում դիտվող ջերմաստիճանի աճի միտումները Հայաստանում 2-3 անգամ ավելի արագ են տեղի ունենում, քան աշխարհում
Արդեն 20 տարի, համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 936-Ն որոշման, Հայաստանի Հանրապետությունում մարտի 23-ը նշվում է որպես օդերևութաբանի օր։
«Սկսած 1961 թվականից յուրաքանչյուր տարի Համաշխարհային օդերևութաբանական կազամակերպության կողմից այս օրը նշվում է հատուկ կարգախոսով՝ բարձրաձայնելով այս բնագավառում կարևորագույն նշանակություն ունեցող և հրատապ լուծումներ պահանջող խնդիրները: 2024 թվականի օդերևութաբանության համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Կլիմայական գործողությունների առաջնագծում»։
Կլիմայի փոփոխությունը իրական և անհերքելի սպառնալիք է մեր ողջ քաղաքակրթության համար, որի հետևանքներն աղետալի են։ Այսօր աշխարհի երկրների առջև ծառացած հրատապ խնդիրներից են կլիմայի մեղմման և հարմարվողականության միջոցառումների մշակումն ու իրագործումը։
Հարկավոր է օր առաջ պայքարել կլիմայի փոփոխության դեմ։ Սա նշանակում է, որ պետք է ապահովենք ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, որին հասնելու համար անհրաժեշտ է անցում կատարել ավելի մաքուր էներգիայի աղբյուրների:
Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության 174 տարիների գլոբալ դիտարկումների և տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին 9 տարիները՝ 2015-2023 թթ, եղել են Երկիր մոլորակի ամենատաք տարիները։
Հարկ է նշել, որ վերջին տասնամյակներում դիտվող ջերմաստիճանի աճի միտումները Հայաստանում 2-3 անգամ ավելի արագ են տեղի ունենում, քան աշխարհում։ Պատահական չէ, որ 2023-2024թթ․ ձմեռը ՀՀ-ում եղել է երկրորդ ամենատաք ձմեռը 1935-2023թթ․ ժամանկահատվածում և վերջին 57 տարիների ամենատաք ձմեռը։ Ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է ջերմային ալիքների, ջրհեղեղների, երաշտների և անտառային հրդեհների թվի աճով։
Եղանակին, կլիմային և ջրին վերաբերող տեղեկատվության տրամադրումը անհրաժեշտ է սոցիալ–տնտեսական գործունեության բոլոր ոլորտների համար` գյուղատնտեսություն, առողջապահություն, տրանսպորտ, էներգետիկա, շինարարություն: Եղանակակլիմայական երևույթների ճշգրիտ կանխատեսումները և վտանգավոր երևույթների վերաբերյալ վաղ ազդարարումը նվազեցնում է կլիմայի փոփոխության բացասական հետևանքները։
Արագ փոփոխվող աշխարհում, հատկապես կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում օդերևութաբանները, ջրաբանները, կլիմայագետները կարևոր դերակատարում ունեն սոցիալ-տնտեսական զարգացման խթանման և ամբողջ աշխարհում մարդկանց բարեկեցության նպաստման պայմանների աջակցության մեջ։
Հարգելի հիդրոօդերևութաբաններ այսօր մենք միասին կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում ենք և Ձեզ վստահված է մեծ պատասխանատու աշխատանք՝ ժամանակին ու ճշգրիտ կանխատեսել բնական երեւույթները։ Շատերի պլանները, առողջությունը, երբեմն նույնիսկ կյանքը կախված են Ձեր գիտելիքներից, փորձից և հմտությունից:
Այս տոնի առթիվ սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ընտանեկան բարեկեցություն և ոգեշնչում աշխատանքու»,- նշված է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձում։