«Սեղմեք բռունցքներն ու գործեք, ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ». Հանձնվեց Սևակ Խոյեցու հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
«Մեզ թաղեցին, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք»․ հենց այս նշանաբանով 2021 թվականից «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ․ երախտագիտության և հարգանքի կրթամրցանակներ» ծրագիրը, որի նպատակն է հանուն Հայրենիքի անմահացած հերոսների անունները շաղկապել կրթության առաջընթացի գաղափարին՝ խրախուսելով բուհերի շնորհաշատ ուսանողներին, քաջալերելով նրանց կրթական հաջողությունները և հայրենատիրության հանձնառությունը։ Նախօրեին ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շրջանավարտ, «Շվաք» ազգային մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված 3-րդ կրթամրցանակաբաշխությունը։
«Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այս երախտագիտության և հարգանքի կրթամրցանակները նաև մեր իրականության մեջ իրական հերոսի կերտման ճանապարհ է՝ ինչպես անել, որ մեր երիտասարդները ճանաչեն իրենց ապահովությունը, բարեկեցությունը, խաղաղությունը կյանքով ապահովված իրենց իսկ նման երիտասարդների կենսագրությունը, վերցնել նրանց դրոշն ու անցնել առաջ։
Ա. Պետրոսյանը հիշեց Սևակի խոսքերից. «Մենք կենաց-մահու կռիվ ենք տալիս։ Ոչ մեկին չեն հուզում մեր ազգի արցունքները, սեղմեք բռունցքներն ու գործեք։ Ուժեղին են լսում, ուժեղինն է ամեն ինչ»։
«Այսօր մենք պարտավոր ենք ուժեղ լինել, հարգել մեր թանկ զոհերի հիշատակը, տուրք մատուցենք և երիտասարդներին դաստիարակենք նրանց ոգով՝ ոգեկոչելով հենց նրանց գաղափարները»,- ասաց նա։
Հազարավոր կամավորների նման Սևակ Խոյեցին թողնելով ընտանիքը՝ կնոջն ու երկու զավակներին, Արցախյան երրորդ պատերազմի հենց առաջին օրը մեկնել էր առաջնագիծ։ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Մարտակերտի Տոնաշեն գյուղի մոտ հերոսաբար նահատակվել են «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի մարտիկներ Արթուր Հարությունյանը, Դավիթ Սարուխանյանը, Տիգրան Ավագյանը, Հարություն Ստեփանյանը և Սևակ Խոյեցին։
Սևակ Խոյեցու հայրը՝ Բախշիկ Մնացականյանը, մեզ հետ զրույցում հիշեց որդու խոսքերը՝ մարդ պետք է ուժեղ լինի, որպեսզի պաշտպանի ընտանիքը, հայրենիքը. «Իսկ մենք հիմա այնպիսի ժամանակներ ենք ապրում, որ ամեն ինչ պետք է անենք ուժեղացնելու մեր հայրենիքը»։
Նա համոզված է, որ վերևից բոլոր նահատակված, հայրենիքին նվիրյալ տղաների ուղերձները մեկն են՝ պաշտպանել հայրենիքը։
44-օրյա պատերազմում զոհված Սևակ Խոյեցու ընկեր Արման Մխիթարյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց. «Սևակը խորը վերլուծող մարդ էր, միշտ հասկանում էր, որ պետք է ուժեղ լինել, կարևորություն էր տալիս ինքնությանը։ Վերջին 10 տարիները մեր համատեղ գործունեությունն ուղղված էր մեր երիտասարդների ինքնության պահպանմանը, որովհետև դրա կորստից է գալիս այս նյութեղեն, հողային կորուստները»։
Սևակ Մնացականյան-Խոյեցու հիշատակին նվիրված 3-րդ կրթամրցանակի հավակնորդ ուսանողների՝ նախապես ուսումնասիրված հայտերի և մարտի 5-ին ՀՖԿՍՊԻ-ում կայացած հարցազրույցի հիման վրա ընտրվել են երեք մրցանակիրներ. 1-ին տեղը զբաղեցրել է ՀՖԿՍՊԻ-ի մագիստրատուրայի ուսանողուհի Լիլիթ Արզումանյանը, 2-րդ տեղը՝ 4-րդ կուրսի ուսանող Նատալյա Համբարձումյանը, 3-րդ տեղը՝ 2-րդ կուրսի ուսանող Գյուլնարա Տիգրանյանը։
Կրթամրցանակի հովանավորը ամերիկահայ բարերար Իռեն Ծատուրյանն է։
«․․․ Առավելագույնը տալու դեպքում միայն մենք կարող ենք ձեռք բերել հաղթանակ։ Ցավակցում եմ բոլոր զոհվածների ընտանիքներին՝.մենք արդեն ունենք ընկերներ, որոնք զոհվել են։ Կամավորական ջոկատներում կռվել են ամենաընտրյալ տղաները՝ ամենակարգին, ամենաբարոյական, ամենաազնիվ, ազգի սերուցքը ես տեսել եմ կամավորների շարքերում, բայց առանց դրա հնարավոր չի հաղթել․․․ Տղանե՛ր, Աստծու ու սատանայի արանքում դուք էսօր ինձ համար կիսաստվածներ եք, որովհետև դուք եք էսօր որոշում հաջողությունը, հաղթանակը, դուք եք որոշում չարի և բարու սահմանումը, դուք եք որոշում՝ ինչքան լավ բաներ պիտի կատարվեն էս երկրի վրա ու ինչքան վատ բաներ, դրա համար իմ համար դուք կիսաստվածներ եք, տղե՛րք». Սևակի խոսքն է հավերժանալուց 1 օր առաջ։
Կրթամրցանակի մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախցի պոետ Արմեն Միքայելյանն արժանացել է Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակին
- «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ» ծրագրի 11-րդ կրթամրցանակը գործելու է Դավիթի բուհում՝ ՀՊՏՀ-ում
- «Ոսկե սերմեր». Կրթամրցանակ՝ նվիրված Վաչագան Մանուկյանի հիշատակին, ով հավատում էր իր հայրենիքի հավերժությանը
- «Ոսկի սերմեր». Հանձնվեց Ռուբեն Համբարձումյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- «Ոսկե սերմեր». Հանձնվեց երգիչ-խմբավար Գէորգ Հաճեանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- «Ոսկի սերմեր». Ցավն անդարմանելի է, բայց այն պետք է հաղթահարել այնպես, ինչպես արել է Էրիկ Հաջիկյանը
- «Ոսկի սերմեր». Երախտիքի և հարգանքի կրթամրցանակների հանձնում
- «.. Ավելի հայ, ավելի համարձակ, ավելի Վարդան». Հանձնվեց Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված «Ոսկի սերմեր» կրթամրցանակը
- «Ոսկե սերմեր». Էրիկ Գևորգյանի անվան երախտիքի առաջին կրթամրցանակակիրը