Հեռազննման մեթոդն արդեն ներառվել է Սևանա լճի համապարփակ մոնիթորինգային հայեցակարգում․ Շուշանիկ Ասմարյան
Մարտի 21-ին նշվեց ջրի համաշխարհային օրը, իսկ ահա այսօր՝ մարտի 22-ին նշվում է համաշխարհային օդերևութաբանության օրը։ ՀՕԿ նախաձեռնությամբ սկսած 1961թ-ից, մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանական օր: ՀՕՕ ամբողջ մոլորակի օդերևութաբանների մասնագիտական տոնն է: Շուրջ 188 երկրում, այդ թվում՝ ՀՀ-ում նշվում է մասնագետի տոնը։
Օրվա հետ կապված ոլորտի մասնագետները գիտաժողովի շրջանակում քննարկվել են ոլորտի արդի հիմնախնդիրները։ Մասնագետներն ընդգծեցին, որ կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, խնդիրները գնալով սրվում են։ Օրինակ՝ օդի ջերմաստիճանը 2023թ․-ի ընթացքում բարձր է եղել 1850-1900-ի միջինից մոտ 1,4 աստիճան ցելսուսով։ 174 տարվա ընթացքում 2023թ․-ը համարվել է ամենաշոգ տարին։ Այսինքն՝ կլիման փոփոխվում է , որն էլ ուղեկցվում է հիմնականում բացասական հետևանքներով, ջրային ռեսուրսների քանակի նվազում , հողերի դեգրադացիա և այլ։ Ինչպես ասում են՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարել հնարավոր չէ, պարզապես պետք է պատրաստ լինել մարտահրավերներին՝ յուրաքանչյուր ոլորտում օգտագործելով ժամանակակից մեթոդներ ու ներդնելով նոր տեխնոլոգիաներ։ Այս ամենից զատ կարևոր է նաև նոր իրավիճակի մասին ճշգրիտ տվյալների ձեռք բերումը։ Մասնավորապես՝ ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար Շուշանիկ Ասմարյանը Panorama.am-ի հետ զրույցում կարևորեց հեռազննման տեխնոլոգիաների կիրառկումը շրջակա միջավայրի հետազոտություններում, հատկապես՝ հիդրոօդերևութաբանական աշխատանքներում։
«Հեռազննումը մեզ շրջապատող իրականության վերաբերյալ հավաստի տեղեկատվության ստացման վերաբերյալ եզակի աղբյուրներից է, քանի որ ապահովում են մեծածավալ տվյալներ օպերատիվ ռեժիմում։ Այս դեպքում էապես խնայվում են ժամանակն ու ռեսուրսները։ Եթե համադրենք դասական մեթոդներով կատարվող հետազոտությունների հետ, ապա ստանում ենք էլ ավելի արժանահավատ արդյունքներ։ Հիդրոօդերևութաբանական աշխատանքներում դրանք առավել կարևոր են։ Մեր հետազոտական աշխատանքները հնարավորություն տվեցին մի շարք խնդիրների մոտենալ գիտականորեն հիմնավորված և մշակել մեթոդներ օրինակ՝ քաղաքային տարածքների մթնոլորտային օդի, ջերմային դաշտերի ձևավորման առանձնահատկությունների ուսումնասիրության հարցում»,- ասաց գիտնականը։
Ասմարյանը տեղեկացրեց, որ էկոկենտրոնի աշխատանքների արդյունքում ունեն բավականին հետաքրքիր տվյալներ Սևանա լճի ջրի որակի հետ կապված, աշխատանքները շարունակվում են։
«Շնորհիվ այս ուսումնասիրությունների և միջազգային համագործակցության՝ հեռազննումն արդեն ներառվել է Սևանա լճի համապարփակ մոնիթորինգային հայեցակարգի մեջ որպես մոնիթորինգի պարտադիր բաղադրիչ։ Սա հեղափոխական քայլ կարելի է համարել։ Հեռազննման տեխնոլոգիաների զարգացման դարաշրջան է և պետք է փորձենք համընթաց քայլել։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ և՛ քաղաքային մոնիթորինգային տարածքների գնահատման առկա մոնիթորինգային համակարգը, , և՛ Սևանա լճի, վերանայման կարիք ունեն։ Այսինքն՝ գործող մոնիթորինգային համակարգը բավարար չէ գիտականորեն հիմնված տեղեկատվություն տրամադրելու համար։ Դրանք մոդեռնիզացման կարիք ունեն։ Խնդիրը նրանում է, որ Հայաստանն ունի բավականին բարդ կլիմայական պայմաններ և պետք է վերանայել տվյալները գրանցող ցանցը և առանձին միջուկները՝ կայանները,որոնք պետք է ավելացվեն։ Օրինակ՝ Սևանա լճի ջրի որակի ցուցանիշները գրանցող ցանցը և առկա հետազոտական չափումները բավարար չեն տարածականորեն հավաստի տեղեկատվություն ստանալու համար։ Հինդրոէկոլոգիական առումով գուցե դրանք բավարար լինեն, սակայն ջրի որակի գնահատման համար և տարածական բնութագիրը տալու համար մեզ պետք է տասնապատկել չափումների քանակը, կայաններ ավելացնել, իսկ դա բավականին թանկ հաճույք է» ,- ընդգծեց Ասմարյանը։
Շուշանիկ Ասմարյանի համոզմամբ՝ պետության առջև մարտահրավերներ կան՝ վերանայելու դասական ճանապարհով մշտադիտարկման գործող համակարգերը։ Նրա խոսքով՝ այս խնդիրներն առավել ակներև դարձան, երբ գործի դրվեց հեռազննման մեթոդը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան