Ունանյանի սպորտային կարիերան վտանգի տակ է
Այս տարվա փետրվարին սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը MMA մարզաձևում 6-րդ անընդմեջ հաղթանակից հետո հայտարարել էր, որ մարտ ամսվա կեսերին Մոսկվայում ողնաշարի լուրջ վիրահատության կենթարկվի։
Հայաստանի կարատեի միությունից մանրամասնում են՝ տարիներ առաջ առաջնություններից մեկի ժամանակ Կամոն մեջքի լուրջ վնասվածք էր ստացել։ Հինգ տարվա ընթացքում արդեն 4 անգամ նա ենթարկվել է ողնաշարի վիրահատության, տարբեր երկրներում բուժումներից հետո սակայն ոչ մի դրական փոփոխություն չի ունեցել։ Այս անգամ բժիշկները Ունանյանին զգուշացրել են, որ հնարավոր է այս վիրահատությամբ վերջ դրվի իր սպորտային կարիերային։ Պարզվում է, Ունանյանը սպորտային կարիերան վտանգի տակ չդնելու համար, որոշում է կայացրել՝ որոշ ժամանակով հետաձգել վիրահատությունը։
«Քանի որ ունեմ ողնաշարի լուրջ խնդիր, դրա համար ամիսներ առաջ ՌԴ Մոսկվա քաղաքում բավականին լուրջ հետազոտություններ անցա։ Հետազոտող բժիշկները եկան այն եզրակացության, որ անպայման պետք է կրկին վիրահատության ենթարկվեմ։ Արդեն երկու շաբաթ է Մոսկվայում կրկին լուրջ հետազոտություններ անցա, հոսպիտալացվեցի և բավականին լուրջ բուժումների կուրս անցա, որպեսզի կրկին վիրահատության ենթարկվեմ։ Սակայն, բժիշկ Ցուկաևը վիրահատությունից առաջ ինձ տեղեկացրեց, որ մեծ ռիսկի ենք գնում, քանի որ հնարավոր է վիրահատությունից հետո այլևս չկարողանամ շարունակել իմ սպորտային կարիերան»,- մեզ հետ զրույցում ասաց Կամո Ունանյանը։
Սպորտային կարիերա- առողջություն բարդ ընտրության առաջ կանգնելուց հետո Ունանյանը ընտրել է կարիերան և անորոշ ժամանակով հետաձգել վիրահատությունը․ «Որոշում կայացրեցի հետաձգել, քանի որ իմ սպորտային կարիերայում դեռ անելիքներ ունեմ»,- պնդեց Ունանյանը։
Որքան էլ բժիշկներն Ունանյանին զգուշացրել են, որ վիրահատությունն անխուսափելի է, նա պատրաստվում է ողնաշարի շրջանում ցավերը մեղմացնել վարժությունների միջոցով․ «Կյանքում ինչ որ բանի հասնելու համար յուրաքանչյուր մարդ պետք է պատրաստ լինի դժվարությունների, նույնիսկ՝ դիմակայել ցավերին։ Իսկ ես պատրաստվում եմ տարբեր վարժությունների, բուժումների միջոցով հնարավորինս մեղմացնել ցավերը։ Թեպետ խորհրդակցությունից հետո բժիշկները ասացին, որ վիրահատությունը անխուսափելի է»։
Այնուամենայնիվ, Ունանյանը մտադիր է մեկ ամիս բուժումների փուլ անցնելուց հետո առաջիկայում կրկին մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերի ինչպես MMA մարզաձևում, այնպես էլ սպորտային կարատեի տարբեր վարկածներով՝ աշխարհի և եվրոպայի առաջնություններում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին