«Սալոմե». Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում
Հայաստանի ազգային պատկերասրահը շարունակում է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը. այս տարի ներկայացվում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրությունից հանված և վերականգնման արվեստանոց տեղափոխված «Սալոմե»-ն վերադարձել է ցուցասրահ։
«Կուզենայի, որ մենք ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության ցուցադրության վերաբացումը տեսնենք մեծ պատկերի մեջ: Իսկ այդ մեծ պատկերը պատկերասրահի վերափոխումն է։ Վերջին տարիներին զգալի վերանորոգման և վերազինման աշխատանքներ ու ծրագրեր են իրականացվում Հայաստանի ազգային պատկերասրահում և, առհասարակ, թանգարանների ոլորտում։ 2018 թվականից ի վեր պատկերասրահում անցկացվել է օդափոխության ժամանակակից համակարգ, բարեկարգվում են բազմաթիվ սրահներ: Այս տարվա ավարտին նախատեսվում է, որ ամբողջ թանգարանի տարածքի 9 հարկերը վերանորոգված կլինեն։ Կտեղադրվի ժամանակակից անցակետ՝ միասնական տոմսային համակարգ ներդնելու շրջանակում: Վերականգնվում են կտավներ, որոնց շարքից է «Սալոմեն»»,-ասել է Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը։
Նախարարի տեղակալը անդրադարձել է նաև թանգարանային ոլորտի վերջին ձեռքբերումներին՝ թանգարանների ոլորտը կարգավորող օրենքի ընդունմանը և «Մշակույթի զարգացման հիմնադրամի» ստեղծմանը։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի տեղեկացմամբ՝ պատկերասրահում 2021 թվականին մեկնարկել է «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագիծը, որի շրջանակում վերականգնվել և ցուցադրությամբ հանրությանն են ներկայացվել 4 գլուխգործոցներ։ Այժմ երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադարձել հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
«Մշակութային արժեքների վերականգնման ցուցադրությունները վերջին տասնամյակում աշխարհի տարբեր երկրներում դարձել են թանգարանային նոր միտում, որը հնարավորություն է տալիս այցելուին հայտնվելու ստեղծագործությունների վերականգնման խորհրդավոր և հաճախ «անհասանելի» աշխարհում, ծանոթանալու վերականգնող վարպետների բարդ և պատասխանատու աշխատանքին, դառնալու դրա անուղղակի և ուղղակի մասնակիցը։ «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում՝ մեկ գործի ցուցադրությամբ, «Սալոմեն» այժմ ներկայացվում է հանրությանը։ Գեղարվեստական այս բարձրարժեք կտավը դասվում է համաշխարհային կերպարվեստում Սալոմեին նվիրված լավագույն երկերի շարքին»,- ասել է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը։
Նախարարությունից նշում են, որ 1929 թվականին Հռոմից Երևան տեղափոխված այս գլուխգործոցը մշտապես ներկայացված է եղել Հայաստանի ազգային պատկերասրահում։ 2019 թվականին «Սալոմեն» հիմնովին վերականգնման նպատակով տեղափոխվել է Հայաստանի ազգային պատկերասրահի «Վերականգնման և կոնսերվացման» բաժին։ Հինգ տարի տևած համալիր վերականգնումը Վարդգես Սուրենյանցի ամենատպավորիչ և ազդեցիկ կտավներից մեկին՝ «Սալոմեին», վերադարձրել է իր երբեմնի տեսքն ու շքեղությունը։
Հայ կերպարվեստի խոշորագույն վարպետ Վարդգես Սուրենյանցի վերականգնված կտավի կողքին այժմ ցուցադրվում են նաև վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարները իրենց բացատրագրերով:
Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները: Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։
Ցուցադրության համադրողն է Մարինա Հակոբյանը: Ցուցահանդեսը կգործի մարտի 23-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան