Վանաձորում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հուշաքարը
Այսօր Վանաձորի Ազատամարտիկների 20 հասցեում բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի հուշաքարը։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից հայտնում են, որ նախաձեռնության հովանավորը Կարեն Ադամյանն է, քանդակագործը` Էդիկ Բոջուկյանը։
Հուշաքարը բացել են Սուրեն Շահվերդյանը և քանդակագործ Էդիկ Բոջուկյանը:
Վահե Շահվերդյանը ծնվել է 1945 թ. Վանաձորում։ 1971 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը (ուսանել է Ռաֆայել Ջրբաշյանի մոտ)։ 1973-1996 թվականներին եղել է Վանաձորի դրամատիկական թատրոն գեղարվեստական ղեկավար։ 1992 թվականից դասախոսում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1994-1998 թվականներին՝ ռեկտոր, 2003 թվականից պրոֆեսոր, 1996-2008 թվականներին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Եղել է ՀՀ Աժ պատգամավոր՝ 1995-1999 թվականներին, 2008 թվականից Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Աշխատել է ԵԹԿՊԻ-ում, ինչպես նաև ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղում։
Վահե Շահվերդյանը ութսունհինգ բեմադրությունների հեղինակ է, որոնցից շատերը հաջողությամբ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Լիտվա, Լատվիա, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Իտալիա, Կոլումբիա, Լեհաստան, Չեխիա, Թուրքիա, Պարսկաստան։ Վահե Շահվերդյանը մահացել է 2022 թ.։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան