«Վրացական երազանք» կուսակցությունը նախաձեռնում է սահմանադրության փոփոխություններ՝ ընդդեմ ԼԳԲՏ քարոզչության
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ նախաձեռնում է սահմանադրության փոփոխություններ՝ ընդդեմ ԼԳԲՏ քարոզչության, ինչը «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության երաշխիքներ» կտա։
«Վրաստանի Սահմանադրության 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ պարբերությամբ. «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանությունն ապահովվում է Վրաստանի սահմանադրական օրենքով, որը Վրաստանի Սահմանադրության անբաժանելի մասն է»,- aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։
Մդինարաձեի ներկայացրած «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի նախագիծը ներառում է հետևյալ կետերը․
Ամուսնացած ընտանիքը (կին և տղամարդ) կամ հետերոսեքսուալ անձը կարող է անչափահաս երեխա որդեգրել:
Սեռափոխության հետ կապված ցանկացած բժշկական միջամտություն արգելվում է.
Արգելվում են հավաքները և ծրագրերի կամ նյութերի տարածումը, որոնք «խթանում են» միասեռականությունը կամ սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունները։
Սահմանադրությունում փոփոխությունը հաստատելու համար անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն, որն իշխող կուսակցությունը չունի։ Ըստ Մդինարաձեի, փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, կհաստատվի հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, և կուսակցությունն ակնկալում է բացարձակ առավելություն ստանալ։
Սահմանադրության մեջ փոփոխություններ կարող է կատարել մեկ գումարման խորհրդարանը, եթե նախագծին աջակցի 113 պատգամավոր։ Եթե փոփոխություններին կողմ լինեն խորհրդարանի ամբողջական կազմի ընդամենը երկու երրորդը (100 ձայն), ապա կպահանջվի նաև, որ հաջորդ գումարման խորհրդարանը հաստատի նախագիծը` կրկին 100 ձայնից ոչ պակաս։
«Վրացական երազանք»-ն այս փուլում կարող է ընդունել միայն օրենքների փոփոխություններ, որոնց համար բավարար է պարզ մեծամասնությունը՝ 76 ձայն։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին