«Ճանճերի ժամանակը». Լույս է տեսել 44 օրյա պատերզամի մասին առաջին գեղարվեստական վեպը
Վեպի իրադարձությունները զարգանում են 44 օր՝ պատերազմի ընթացքում։ Գլխավոր հերոսուհի Սոնան ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ՝ որդու ծառայության վայրին մոտ գտնվելու համար։ Պատերազմի առաջին օրը՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ի առավոտը, Սոնայի ու մյուսների համար սկսվում է հրթիռակոծությամբ ու ռմբակոծությամբ: Նա տեսնում է մահ, ավերածություններ ու դաժանություններ, բարդ ընտրության առջև է կանգնում, մտածում ոչ միայն իր ծառայող որդու, այլև գերի ընկած ամուսնու մասին։ Ընտանեկան դրամային ավելանում է Սոնայի անսպասելի հղիությունը։
Ըստ վեպի հեղինակ Նարինե Կռոյանի, պատմությունները, որ շարադրել է գրքում, իրական են, հերոսները՝ կենդանի են: Նկարագրել է 44 օրյա պատերազմի ընթացքում Սոնա անունով կնոջ ոդիսականը, որը պատերազմի առաջին օրվանից, տեղեկություն չունենալով որդու ու ամուսնու մասին, որոշում է գնալ որդու մոտ:
«Եթե հիշում եք, հիմնականում հայրերն էին գնում որդիների մոտ, այս պարագայում մայրն է որոշում գնալ, որովհետև արյունը սեռ չունի: Իմ Սոնայի համար բոլոր զինվորները դառնում են զավակներ, բոլոր այն տղաները, որոնք հայրենիք են պաշտպանում: Այն բեռն ու ծանրությունը, որ ես իմ մեջ կրում էի, որովհետև իմ տղան էլ էր մասնակցում պատերազմին, պետք է կարողանայի ինքս ինձ հաղթել, հետևաբար, պետք էր «սեպը սեպով հանել» ու կռիվ տալ արհավիրքի հետ այս գրքի միջոցով»,-գրքի շնորհանդեսի ժամանակ ասել է Նարինե Կռոյանը:
Հեղինակը հավաստիացնում է, որ իր հերոսուհին, ի տարբերություն այն ընկճախտի ու տառապանքի, որի մեջ ապրում ենք, հասկանում է, որ դա լուծում չէ, և ինքն է հենց այն մարդը, որը պետք է ձեռնարկի գործողություններ՝ չսպասելով ինչ-որ մեկի օգնությանը:
«Ճանճերի ժամանակը» գրքի խմբագիր Արմեն Անիրխանյանի կարծիքով թեման ամենակարևորն է պետության ծնունդից մինչև մեր օրերը. «Ինչո՞ւ է անհրաժեշտ նման գրականությունը պետության ծնունդից անմիջապես հետո: Համարում եմ, որ պետականության հիմքերը սխալ դրվեցին նաև այդ առումով, չսահմանվեց ազգային տեսլական, չսահմանվեցին հավակնություններ, կրթությունը գնաց սխալ ճանապարհով: Պետությունը պետք է խրախուսի, ստեղծի պայմաններ, որպեսզի հենց այսպիսի գրականություն ստեղծվի, ինչից կստեղծվեն ֆիլմեր, որոնց միջոցով էլ պետք է մեր ճշմարտությունն աշխարհին պատմել, հարևաններին էլ ՝ պարտադրել: Գիրքը գրված է թրիլլերի, մարտաֆիլմի ոճի մեջ, և շատ մոտ է կինոսցենարի: Վեպը կարդացվում է մեկ շնչով, որովհետև անընդհատ շրջադարձային զարգացումներ են լինում»:
Բանաստեղծ Մարինե Պետրոսյանը նշել է. «Ես Նարինեի գործերին ծանոթ եմ։ Գիտեի, որ լավն է լինելու։ Բայց սա պարզապես լավ վիպակ չէ, ռեալիստական ոճով գրված է, մենք տեսնում ենք մեզ ծանոթ պատերազմը, մեր քաղաքներն ու երկիրը։ Բայց գրքում կա նաև երկրորդ շերտ՝ ճանճերի սիմվոլիկան, միֆական կերպարը։ Մի ամբողջ օր կարդացել եմ գիրքը ու հանկարծ զգացի, որ վեպում մեր պարտությունն է, ոչ մի ուրախ բան չկա, տղաները զոհվում են, թուրքը սպանում է մեր տղային։ Բայց վեպը չի հուսահատեցնում։ Հասկացա, որ հայ կնոջ, մոր կերպարը Մայր Հայաստանն է»։
ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրականի խոսքով պատերազմի մասին գեղեցիկ խոսել ստացվում է միայն այն ժամանակ, երբ դու հաղթել ես այդ պատերազմը, իսկ պարտված պատերազմի մասին ստացվում է խոսել միայն արցունքներով. «Դա օրինաչափ է բոլոր գրականությունների ու բոլոր ժամանակների համար: Եվրոպացիներն ու ամերիկացիները, լինելով անգամ պատերազմի մեջ, լինում են մի քայլ այն կողմ, իրենց հայացքը ցավից մի քիչ այն կողմ է, իրենք հասկանում են, որ պատերազմն օբյեկտիվ երևույթ է, և իրենք գործ ունեն դրա հետ: Ետպատերազմյան տրավման մենք կրում ենք երկկողմանի: Ե՛վ հայրենիք ենք կորցրել, և՛ հարազատներ: Բոլորն ինչ-որ անկարողության բեռ են զգում, դա ետպատերազմական տրավմայի անկարողությունն է, որ մենք ու մեր երեխաները կրելու են մինչև այն պահը, մինչև չունենանք միասնական գիտակցականություն: Մարդուն դեպի պատերազմ ու դեպի նպատակ տանում է միայն ազգային, միասնական գիտակցումը»:
«Ճանճերի ժամանակը» վեպը հրատարակել է Newmag հրատարակչությունը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա