Սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել շենքը. ՆԳՆ-ն՝ զինված հարձակման մասին
ՆԳՆ ոստիկանությունը մանրամասներ է հայտնել նախօրեին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղի ունեցածից.
«Զինված տղամարդը ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է
Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։
Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։
Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։
Սկսվել են բանակցություններ՝ նռնակները հանձնելու ուղղությամբ և որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա Ս․ Հ․-ն ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է չորս նռնակ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը հանդիսանում է 55-ամյա Ա․ Մ-ն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Քննչական կոմիտեից նախօրիեն հայտնել էին. «ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բաժին 3 անձի ներխուժման, սպառնալիքներ հնչեցնելու և պայթյուն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (ահաբեկչություն) հատկանիշներով»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյանց. «Եղբայրա- ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ
- Ո՞վ է Նոր Նորքի ոստիկանություն նռնակով ներխուժած քաղաքացին
- Ոստիկանության բաժին 3 անձի ներխուժման դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով. ՔԿ
- Ոստիկանության մոտ վնասազերծված տղամարդը ոչ հասկանալի բառեր էր ասում. ՆԳՆ խոսնակ
- Հատուկ ջոկատայինները վնասազերծեցին զինված քաղաքացուն
- Ռեժիմն անցել է ռեպրեսիաների. Ստեփան Դանիելյան
- «Մարտական եղբայրության» բերման ենթարկված գրեթե բոլոր անդամներն ազատ են արձակվել. ՆԳՆ խոսնակ
- ՆԳՆ. Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ Նոր Նորքի ոստիկանության բաժնի դիմաց
- Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքից վիրավորներ են տեղափոխվել հիվանդանոց
- Զինված տղամարդիկ մտել են Մասիվի ոստիկանության շենք