Ռուբեն Մելիքյան. Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ նիկոլական քարոզչության ազդեցության տակ գտնվողներ
Իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ մի քանի նկատառում է ներկայացրել ռեժիմի կողմից իրականացվող ռեպրեսիաների և դրանց ենթարկվող անձանց իրավապաշտպանական աջակցություն ցուցաբերելու մասին՝
«1) Ես 2019թ. հունվարից ՀՀ-ում իրականացնում եմ իրավապաշտպանական գործունեություն, որի առանցքը քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց պաշտպանությունն է։
2) Իմ առաջին սկզբունքը շատ հստակ է 2019-ից ի վեր՝ ում նիկոլական ռեժիմը հետապնդում է քաղաքական պատճառներով, կարող է ակնկալել իմ օգնությունը (այնքան, որքան ի վիճակի եմ ֆիզիկապես)՝ անկախ իմ անձնական վերաբերմունքից, անկախ նրանց նախկին վարքագծից։
3) Ինձ համար գործում է ռեժիմի ռեպրեսիաների՝ իրական լինելու կանխավարկածը, քանի դեռ հակառակը չի ապացուցվել։ Օրինակ՝ ոչ մի առողջ մարդու մտքով չի կարող անցնել, որ Աշոտյանի, Ասլանյանի, Մալյանի, Սամսոնյանի, Սաղաթելյանի դեմ ռեպրեսիաները բեմադրած են կամ արհեստական։ Մյուս կողմից՝ ցանկացած առողջ մարդ իրավունք ունի կասկածել «Մարտական եղբայրություն» ՀԿ-ի վրա՝ հաշվի առնելով նրանց «քաղաքական թևի» հայացքները [կարևոր վերապահում՝ այդ կառույցի շարքային անդամների ճնշող մեծամասնությունը, վստահ եմ, ազնիվ ու հայրենասեր տղաներ են]։
4) Այսօր հրապարակավ պատրաստակամություն եմ հայտնել օգնելու այդ ՀԿ-ի բռնված անդամներին, որովհետև նրանք առերևույթ ենթարկվում էին քաղաքական հետապնդման։ Բայց հետագա իրադարձություններն ու նոր տեղեկությունները թողեցին ոչ միանշանակ տպավորություն։
5) Ինձ «5-րդ շարասյունի պաշտպան» որակող մարդիկ կա՛մ զտարյուն նիկոլականներ են, կա՛մ նիկոլական քարոզչության ազդեցության տակ գտնվողներ։ Ամեն դեպքում, իմ խոսքն ու գործը տարիներ ի վեր՝ հանրության աչքի առաջ է, և ես կարծում եմ, որ ինձ նման կերպ պիտակողները իրականում ոչ թե ինձ են պիտակում, այլ իրենք իրենց։
6) Միևնույն ժամանակ, ես չեմ փայլում հիշաչարությամբ, ու չեմ հրաժարվում ռեժիմի կողմից ԻՐԱԿԱՆ ռեպրեսիաների ենթարկվողներին՝ ուժերիս ներածին չափով աջակցելու իմ հանձնառությունից»։