Կոչ եմ անում բանակին՝ եթե հրաման լինի հանձնել բարձունքները, չանեք դա.Վազգեն Մանուկյան
Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախկին նախարար (1992-1993թթ. ՀՀ պետնախարար, պաշտպանության նախարար) Վազգեն Մանուկյանը «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է.
«Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որպեսզի թույլ չտա, որ Հայաստանը երբևիցե ոտքի կանգնի, որովհետև Ադրբեջանը Հայաստանից վախենում է։ Իրենք գիտեն՝ հայերի հետ գլուխ դնելը դժվար է, դրա համար հիմա ուզում են քոքահան անել։ Ադրբեջանը գիտի՝ պատահականությունների հանրագումարն էր, որ նա հաղթեց 44-օրյա պատերազմում։
Նախորդ 20 տարվա ընթացքում Ադրբեջանը լավ զինվեց, բայց 2016թ․ Ապրիլյան պատերազմը 4 օր տևեց ու դադարեցվեց հենց Ադրբեջանի խնդրանքով։ Այսինքն՝ իրենք նույնիսկ այդ պայմաններում չկարողացան հաղթել հայերին։ Ադրբեջանի համար 44-օրյա պատերազմը հաղթելու համար հարմար, նպաստավոր պայման եղավ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի ստորագրելու, որովհետև դեռ այնքա՜ն բան ունի ստանալու։
Հայաստանը գտնվում է մի աշխարհագրական դիրքում, որը բոլորին է հետաքրքիր, անգամ մեզնից շատ ու շատ հեռու գտնվող Չինաստանին։
Մի մարդ, որն իրեն իրավունք է վերապահում ասել՝ բայց սրանք ի՞նչ հողեր են, որ… նշանակում է, որ նա ունակ չէ պետություն ղեկավարել։ Ամեն թիզ հողը սուրբ է։ Հսկայական Ռուսաստանն ու Ճապոնիան մինչև հիմա խաղաղության պայմանագիր չեն կնքում, որովհետև փոքր կղզիների վերաբերյալ հողային վեճ ունեն։
Հիմա Ադրբեջանը կվախենա պատերազմ սկսել Հայաստանի դեմ, բայց երբ Տավուշի գյուղերը հանձնեն, ու բարձունքները վերցնեն, ավելի հեշտ կլինի։ Դրանով պատերազմը կմոտենա Երևանին։ Տավուշի տարածքը միայն տավուշցիներինը չէ, և նրանք չէ, որ պիտի որոշեն՝ էդ տարածքը տա՞ն, թե՞ չտան։ Տավուշի ամեն թիզ հողը բոլորինս է։ Փաշինյանը չի կարող գնալ, այդ տարածքների բնակիչներին բաներ խոստանալ, որպեսզի լքեն այն։
44-օրյա պատերազմում մենք կարող էինք չպարտվել։ Ադրբեջանում ապշած էին հայերի ցույց տված դիմադրությունից։ Ադրբեջանը շատ զոհ տվեց նաև Ջերմուկում ու Արցախյան վերջին ներխուժման ժամանակ։ Ադրբեջանցիները զինվոր չեն, հայերը զինվոր են։ Ադրբեջանում զոհերի որոշակի քանակից հետո պայթյուն է լինում։ Հիմա էլ եթե կռվենք, դիմադրենք, Ադրբեջանը կպայթի։
Ախր էդ տղան հեչ իր տեղում չէ։ Ես լսել եմ՝ մարդն ասում է՝ եթե ես վարչապետ չլինեմ, Հայաստանը վարչապետ չի ունենա, բայց ես չեմ լսել, որ մեկն ասի՝ եթե ես գլխավոր բալերինկան չլինեմ, Օպերայի և բալետի թատրոնը չի լինի։ Եթե մենք Եվրոպայի կենտրոնում գտնվող փոքր պետություն լինեինք, կարող էր պատահական մարդ լիներ, բայց մեր պարագայում այդ մարդը բացարձակապես իր տեղում չէ, պետք է կամ ինքը թողնի ու հեռանա, կամ պետք է հեռացնենք նրան։
Հիմա Փաշինյանն այլևս շատ քիչ ազդեցություն ունի ժողովրդի ուղեղների վրա։ Դա նրա գլխավոր զենքն էր։
Կոչ եմ անում բանակին՝ եթե հրաման լինի հանձնել բարձունքները, չանեք դա, այլապես դուք դավաճանելու եք ժողովրդին ու կործանելու եք պետությունը։ Ամուր կանգնե՛ք ձեր տեղում, ու այդ ժամանակ նա կկորցնի իր ազդեցությունը նաև բանակի վրա։
Մարդկային տեսակի հարց է, ոչ թե փորձառության։ Այդ տեսակի մարդը չի կարող պետություն ղեկավարել։
Ադրբեջանն արդեն իսկ որոշ չափով մտել է Երևան․ նա ներկա է կառավարական շենքերում։
Երբ 1990թ․ մենք եկանք իշխանության, Խորհրդային Հայաստանից ստացանք մշակված, փորձառու մարդկանցով համալրված պետական համակարգ։ 1918թ․ այդպես չի եղել, և ես պատկերացնում եմ՝ ինչքան դժվար է եղել այն ժամանակ պետություն կառուցելը։
Մեր այսօրվա իրավիճակում միայն հատուկ ձևի մարդիկ կարող են պետություն ղեկավարել։
Փաշինյանը համ ինքնուրույն է, համ գործիք է։ Մի մարդ է, ով «աբիժնիկ» լինելով՝ եկել է իշխանության։ Փողն ու իշխանությունը նրա կոմպլեքսներն են։ Երբ ոչ ճիշտ մարդն այստեղից-այնտեղից վերցնում է գաղափարներ, այդ գաղափարները դառնում են կարիկատուրաներ։ Ինքը շատ հարմար էր օգտագործելու համար։ Իրեն օգտագործում են և՛ Ռուսաստանը, և՛ Եվրոպան։ Հայերն օգտագործման բոլոր այդ ձևերում տուժող են։
Դու չպիտի անցնես մեկի կամ մյուսի կողմը, դու պիտի խաղաս հզորների հետ, բայց դրա համար պիտի լինես վստահելի, քո սեփական պետության ու նրա շահերի համար պայքարող։
Ոչ մի պետություն նպատակ չունի Հայաստանը փրկելու կամ հզորացնելու՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Արևմուտքը։ Բոլորը ուզում են քեզ օգտագործել։ Նրանք միայն հանուն Ռուսաստանին այս տարածաշրջանից դուրս բերելու՝ կարող են քեզ օգնել, բայց այդ պրոբլեմն այստեղ չի լուծվելու, այլ Ուկրաինայում։
Ռուսաստանն այս տարածաշրջանում միշտ ունենալու է իր ազդեցությունը, և ուզես թե չուզես՝ դու նրա հետ պիտի հաշվի նստես»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց չի քննարկվել
- Եթե ուզում եք մեկնաբանել Ստյոպա Սաֆարյանի եթերը Տավուշի մարզի մասին՝ հղումով
- Մեկ շաբաթը լրացավ Տավուշի մարզում հնչեցրած սպառալիքներից. ի՞նչ է լինելու․ Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան