ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ. Փաշինյան
«Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ»,- հունական Kathimerini օրաթերթին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև նշել է. «Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը։
Ինչպես տեղյակ եք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն ուղղված է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, միջպետական սահմանի ամբողջական բացմանը: Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռքբերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Մենք իրապես հավատում ենք, որ այս պայմանավորվածության իրականացումը նույնպես դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային դինամիկայի վրա։
Հունաստանի և Թուրքիայի միջև ընթացող զարգացումներն էլ ևս մեկ անգամ փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և հարևանների միջև ձևավորել համագործակցության փոխշահավետ օրակարգ։
Կառավարության հաղորդմամբ, պատասխանելով Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցելու և պատրա՞ստ են որդեգրել ավելի արևմտյան մոտեցում միջազգային քաղաքականության համատեքստում հարցերին, Փաշինյանն ասել է. «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 և 2022թթ.:
Եվ հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մենք 2023 թ. սեպտեմբերից ի վեր չունենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ։ Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում։
Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին