ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն
Երևանի պետական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոն:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ բացման արարողությանը ներկա է եղել նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին։
«Կենտրոնի ստեղծումը մեզ համար կարևոր է նաև Հայաստանում բարեկամ Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետներ պատրաստելու տեսանկյունից, ինչն իր հերթին էապես կնպաստի տարածաշրջանի մասին երկկողմ և համատեղ ընկալումների խորացմանն ու ընդլայնմանը և, վերջին հաշվով, մեր տարածաշրջանում այդքան սպասված խաղաղության հաստատմանը։ Ընդ որում՝ սա ՀՀ կառավարության շարունակական քաղաքականությունն է՝ խորացնել տարածաշրջանի իմացությունը, այդ թվում՝ լեզուների ուսուցանման միջոցով, որի շրջանակում ՀՀ դպրոցներում իրականացվում է վրացերենի ուսուցման ծրագիրը»,-նշել է Ժանն Անդրեասյանը:
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին նշել է, որ իր համար կարևոր է ներկա լինել այս պատմական իրադարձությանը։
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս երկու երկրների միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը: Մեզ համար կարևոր է վրացական և հայկական համալսարանների միջև սերտ համագործակցությունը: Ինչպես ՀՀ-ի համար է կարևոր հայագիտության զարգացումը, այնպես էլ Վրաստանի համար՝ վրացագիտության, և կենտրոնի բացմամբ առկա բազմադարյա հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացնելու: Մեր ընդհանուր պատմական անցյալը հաշվի առնելով՝ կարևոր է վրացագիտական և հայագիտական շրջանակների համատեղ աշխատանքը, և վստահ եմ, որ դուք էլ պատրաստակամ եք այդ հարցում»,-նշել է Գիորգի Ամիլախվարին՝ ընդգծելով, որ Թբիլիսիի պետական համալսարանում հաջողությամբ աշխատում է հայագիտության կենտրոնը, որտեղ բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան