Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի
Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։
Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր և պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաև իմանալի (հոգևոր) ծառեր՝ արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Ս. Պողոս առաքյալը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես. 1:4):
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ավագ երեքշաբթին նաև երրորդ ժամանակաշըրջանի խորհուրդն ունի, երբ ջրհեղեղը ողողեց ամբողջ աշխարհը, և Աստված մարդկանց լեզուները խառնելով՝ նրանց տարածեց աշխարհով մեկ (Ծննդ. 7-11): Ավետարանական Տասը կույսերի առակը (Մատթ. 25:1-13) հինգ իմաստուն և հինգ հիմար կույսերի պատմությամբ պատգամում է պատրաստ լինել Տիրոջ Գալստյանը:
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ: Նրանցից հինգի ձեռքներին վառվող մոմեր կան, որոնք խորհրդանշում են իմաստուն կույսերին, իսկ մյուս հինգի հանգած մոմերը խորհրդանշում են հիմար կույսերին:
«Տասը կույսերի առակը պատմում է երկնքի արքայության հոգևոր պայքարի մասին, այսինքն չլինի այնպես, որ ինչ որ մեկը մտածի՝ հասել է հոգևոր առաքինության և այլևս բավարար համարի այդքանը: Եվ երկնքի արքայության պատկերը մեր Տերը ներկայացրեց տասը կույսերի օրիակով, որոնք իրենց լապտերները առած փեսային և հարսին դիմավորելու ելան: Այսպիսով, Տեր Հիսուս Քրիստոս երկնքի արքայությունը համեմատում է հարսանիքի հետ: Աստվածաշնչում կարդում ենք. «Ուրախանանք և ցնծանք ու փառք տանք Նրան, քանի որ հասավ գառան հարսանիքի ժամը, և կինը՝ Նրա հարսը, պատրաստվեց» (Հայտնություն 19:7):
Առակում փեսան Քրիստոսն է, ով Իր երկրորդ գալուստին գալիս է միավորվելու հարսին՝ Եկեղեցուն, իսկ տաս կույսերը Եկեղեցու անդամներն են՝ հավատացյալները, ովքեր իրենց մկրտության պահից որդեգրվել են Աստծուն: Նրանց կյանքի առաքելությունը սրբության ձգտելն է: Առակում ասվում է՝ նրանցից հինգն իմաստուն էին, իսկ հինգը՝ հիմար:
Իմաստունները նրանք էին, ովքեր միայն կուսության առաքինությամբ չէին բավարարվում, այլ նաև ուզում էին շատ այլ որակներ ցուցաբերել՝ սեր, կարեկցանք, ողորմություն: Հիմարները բավարարվում էին միայն կուսության առաքինությամբ, և համարում էին, որ ամեն ինչի հասել են՝ կուսությանը հավատարիմ լինելով»,- առակը մեկնաբանել է Տեր Աշոտ քահանա Սաֆարյան
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Պահք. Ավագ երկուշաբթի
- Մեծ պահք. Գալստյան կիրակին՝ մարտի 17-ին
- Մեծ պահք. Դատավորի կիրակի
- Մեծ պահք. Տնտեսի կիրակի
- Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու, քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին. Վահրամ ավագ քահանա Մելիքյան
- Սկսվում է Մեծ պահքը
- Մեծ պահք. Գալստյան կիրակի՝ մարտի 26
- Մեծ պահք. միջինք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան