Արցախից տեղահանված մեր հայրենակիցները քվոտա են ստացել մասնակցել սամբոյի աշխարհի գավաթին. Միքայել Հայրապետյան
«Սաբոյի աշխարհի գավաթը կրելու է մշտական բնույթ և յուրաքանչյուր տարի այն անցկացնելու իրավունքը տրվել է ՀՀ-ին, հիմնվելով այն փաստի վրա, որ երկու տարի անընդմեջ՝ 2022 և 2023 թվականներին, Հայաստանը հյուրընկալել է ամբողջ աշխարհը»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Սամբոյի Հայաստանի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը։
Նա տեղեկացրեց, որ 2023 թվականին առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել էր Սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որը մեծ պատիվ էր ՀՀ-ի համար և Սամբոյի ֆեդերացիան բարձր մակարդակով էր կազմակերպել մրցաշարը։
«Սամբոյի միջազգային ֆեդերացիան որոշում կայացրեց, որ Սամբոյի աշխարհի գավաթի մրցումները պետք է անցկացվեն Հայաստանում և այն պետք է կրի մշտական բնույթ»,-ասաց ֆեդերացիայի նախագահը։
Հայրապետյանը վստահություն հայտնեց, որ ընթացիկ տարում Հայաստանի սամբիստները բավականին բարձր տեղեր կզբաղեցնեն միջազգային մրցաշարերում։
«Մեր թիմը աշխարհի գավաթին յուրաքանչյուր քաշային կարգում մասնակցելու է երկուական մարզիկով։ Նաև մենք հնարավորություն ենք ստացել, որ Արցախից տեղահանված մեր հայրենակիցները քվոտա ստանան մասնակցելու Աշխարհի գավաթին, քանի որ նրանք ունեն փախստականի կարգավիճակ։ Նման որոշում ընդունվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից»,-հայտնեց Միքայել Հայրապետյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր մարզաձև ներկայացնող արցախցի մարզիկ իրավունք կունենա մասնակցելու միջազգային մրցաշարերին, եթե ունի փախստականի կարգավիճակ։
Տեղեկացնելով, որ ապրիլի 4-5-ը Երևանում կկայանա սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը՝ Հայրապետյանը նշեց. «Երկու թիմով ենք մասնակցելու մցաշարին և վստահ ենք, որ արդյունավետ հանդես կգանք, ոսկիներ կունենանք»։
Ֆեդերացիայի նախագահը նաև նշեց, որ Հայաստանում անցկացված նախորդ առաջնությունների հեռարձակումները դիտել են 22 մլն մարդ, ինչը լավ հնարավորություն է Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան