Վերջին շրջանում պարզապես հաշվի չի առնվում գիտական հանրության կարծիքը. Արթուր Իշխանյան
2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում սկսեց գործել գիտական կադրերի ատեստավորման նոր կարգը։ Գիտնականները դրական կարգավորումների հետ մեկտեղ բարձրաձայնում են նաև անիրատեսական դրույթների մասին։ Ատեստավորման նոր կարգում առկա խնդրահարույց դրույթների շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանի հետ։
«Գիտնականների ատեստավորման կարգը կարևոր փաստաթուղթ է, որը որոշում է գիտական գործունեության ընթացքը գիտական կազմակերպություններում։ Այն խիստ պահանջված փաստաթուղթ է։ Պետք է ասել, որ նախկինում որակավորումն իրականացվել է մի կարգով, որը հաստատված է եղել 2001 թվականին և փոփոխությունների կարիքն օդում էր։ Նախկին կարգավորման մեջ ներառված չէին մի քանի կարևոր բաներ, ինչպես գիտական ստորաբաժանման, լաբորատորիաների ղեկավերների պաշտոններն էին։
Մենք խորհրդային ժամանակներից անցում ենք կատարել նոր ժամանակներ և խորհրդային շունչը դեռ կար և այնտեղ օրինակ ընդհանրապես ներգրավված չէին ճարտարագետները և շատ այլ թերություններ կային, որոնք շտկման կարիրք ունեին, ինչ-որ տեղ ես կասեի, որ այն ուշացած փաստաթուղթ է։ Նմանատիպ փաստաթղթի մշակման և ընդունման հրատապությունը, ի թիվս այլ հանգամանքների, պայմանավորված է նրանով որ, 2021 թվականից դիտվում է գիտության ոլորտի ֆինանսավորման աճ, որի պայմաններում խիստ կարևոր է դառնում ֆինանսների արդարացի բաշխման խնդիրը։ Եթե նախկինում այդ խնդիրն արդիական չէր, քանի որ գիտությունը պահվում էր գոյատևման ռեժիմում և գիտնականների աշխատավարձը փաստացի կազմում էր երկրում նվազագույն աշխատավարձը, ապա հիմա, երբ 2.8 անգամ բարձացել է ֆինանսավորումը, արդեն կարիք կա զանազանելու, աստիճանակարգելու և այլն։
Այս կարգավորումը ուշացած է և պետք է ընդունվեր նույնիսկ 15 տարի առաջ։
Ցավոք, կան նաև քննադատական կետեր, որոնք վերաբերում են այն քանակական չափանիշներին, որոնք դրված են այս փաստաթղթերում, բայց՝ ոչ միշտ։ Այդ քանակական չափանիշներն ինչ-որ չափով անհարկի կոշտ են։
Մասնավորապես կան պահանջներ, որոնք իրատեսական չեն անգամ մեր այսօրվա իրողությունների պայմաններում։ Օրինակ՝ գլխավոր գիտաշխատողի պաշտոնը զբաղեցնելու համար, որն այդ դասակարգման մեջ ամենաբարձրն է, պահանջվում է 5 տարվա ընթացքում ունենալ 4 ասպիրանտ։ Սա անիրատեսական է՝ հաշվի առնելով ասպիրանտական տեղերի այն քանակը, որը հատկացվում է կառավարության կողմից։ Եթե այդ թիվը բաժանենք մեր ստորաբաժանումների վրա, ապա հնարավոր չէ, կամ չափազանց անհավանական է, որ որևէ մեկը կարողանա նման թվով ասպիրանտներ ունենալ, մենք ուղղակի չունենք այդ քանակի ասպիրանտ։ Բնականաբար նման պահանջի բավարարումն շատ անիրատեսակն է, պետք էր ելնել իրողությունից, նայել, թե որքան ասպիրանտ ունենք և որքանն էր հնարավոր միջինում ունենալ։ Ըստ իս, այն պետք է լիներ մեկ-երկու, եթե գլխավոր գիտաշխատողինն է՝ երկու, իսկ առաջատար տարակարգի դեպում մեկ։
Գլխավոր գիտաշխատողի պարագայում այդ պահանջը փոխվում է՝ 40 մլն դրամի չափով դրամաշնորհների կառավարում է պահանջում այդ պաշտոնի հավակնորդից, որի կեսը պետք է լինի ՀՀ բյուջեից դուրս միջոցներ։ Կրկին իրատեսական չէ, որովհետև եթե նայում ենք մեր ռեալ դրամաշնորհները, որոնք կարողանում ենք ապահովել, նույնիսկ այն հաստատությունները որոնք առաջատար են մեր գիտության ոլորտում, ապա նրանց համար էլ այդ պահանջնները ևս իրատեսակն չեն։
Խնդիրն էլ ավելի է ծանրանում հումանիտար և հասարակագիտական ոլորտի մասնագետների համար, որտեղ պահանջներն ավելի մեղմ են, բայց կրկին՝ անիրատեսական և կան այլ բնույթի թերություններ։ Դրանցից մեկն այն է, որ, օրինակ, վերջին 5 տարվա կտրվածքով պահանջվում է որոշակի քանակությամբ ՍԻՄԱԳՈ գիտատեղեկատվական համակարգում ներգրավված Q 1 քառորդում գտնվող ամսագրերում հրապարակումների ինչ- որ թիվ։ Սա անհարկի կոշտ է այն պատճառով, որ երբ գիտնականը ուղարկում է հրապարակման իր գիտական աշխատանքը և տեսնում է, որ այդ ամսագիրը գտնվում է Q 1 բաժնում, բայց մինչև հրապարակումն՝ անցնում են ամիսներ, երբեմն տարի, քանի որ կա գրախոսության փուլ և հրապարակման պահին պարզվում է, որ փոխվել է այդ ամսագրի ցուցանիշն և այդ պահին այն Q 1 չէ այլ՝ Q 2։ Անձնապես ես նման 2-3 դեպք ուենցել եմ։ Անհրաժեշտ էր որոշակի ճկունություն ցուցաբերել և օրինակ երկու հատ Q 2-ում հրապարակումը հավասարեցվեր մեկ Q 1-ին։
Սա, ըստ իս, հիմնական թերությունն է, որն համընկնում է ակադեմիայի գիտաշխատողների մեծամասնության տեսակետի հետ։
Ակադեմիան անցկացրել է այդ որոշման լայնածավալ քննարկում, գիտական ինստիտուտներում իրականացվել են քննարկումներ, գիտխորհրդի կողմից որոշումներ են կայացվել, դրանք ընդհանրացվել են և ԳԱԱ-ի նախագահության կողմից ուղարկվել են գիտության լիազոր մարմին, նաև ուղարկվել են առանձին ինստիտուտների կարծիքը, բայց, ցավոք սրտի, որևէ դիտողություն կամ առաջարկ հաշվի չի առնվել։
Այսօրինակ գործելաոճին վերջին շրաջանում ականատես ենք բազմաթիվ անգամներ, երբ պարզապես հաշվի չի առնվում գիտական հանրության կարծիքը։ Պարզապես իրականացվում է ձևական քննարկում, առաջարկում են կարծիքներ, դիտողություններ ներկայացնել և ոչ մի բան հաշվի չեն առնում։ Նույնը մենք ականատես եղանք ակադեմիական քաղաքի հայեցակերգի հետ կապված։ E-draft.am-ում դրվեց բազմաթիվ առաջարկներ, որոնք ոչ մեկը հաշվի չառնվեց»,-ասաց Արթուր Իշխանյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսաձայնագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան