Բացահայտվել են ոստիկանության պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխման դիմաց ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, ինչպես նաև զենքի գործադրմամբ զուգորդված խուլիգանության դեպքը ոստիկանության պաշտոնյաների կողմից թաքցնելու, վերջիններիս կողմից իշխանական ու ծառայողական լիազորությունները չարաշահելու մի շարք դեպքեր:
Հակակոռուպցիոն կոմիտեից մանրամասնում են՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերից մեկի անտառպետության անտառապետ Ա. Կ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներից մեկի պետի տեղակալ Վ. Գ.-ի հետ՝ կաշառքի դիմաց տվյալ անտառպետության տարածքից ապօրինի հատված փայտանյութի անօրինական տեղափոխումն ու իրացումը կազմակերպելու համար:
Ոստիկանության հիշյալ պաշտոնյան, ձեռք բերված հանցավոր համաձայնության շրջանակներում, անտառապետ Ա. Կ.-ի մատնանշած տրանսպորտային միջոցներով ապօրինի հատված փայտանյութի քանակի և որակական հատկանիշների վերաբերյալ փաստաթղթերում կեղծ տեղեկություններն անտեսելու և փայտանյութի անօրինական տեղափոխումը չարգելելու դիմաց 2023թ. օգոստոսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում Ա. Կ.-ից որպես կաշառք ստացել է 240.000 ՀՀ դրամ:
Բացի այդ, պարզվել է, որ Ա. Կ.-ն, 2023թ. օգոստոսին Ճակատեն Կապան ավտոճանապարհին Ա. Ս.-ի վարած ավտոմեքենայում նկատելով իր ծանոթ Բ. Հ.-ին, իր ավտոմեքենայով հետապնդել և իրեն պատկանող որսորդական հրացանից կրակոցներ է արձակել Ա. Ս.-ի վարած տրանսպորտային միջոցի ուղղությամբ: Ա. Կ.-ի կողմից զենքի գործադրմամբ զուգորդված վերոհիշյալ խուլիգանությունը կատարելուց հետո ենթադրյալ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ստացվել ոստիկանություն, որից հետո Վ. Գ.-ն Սյունիքի մարզային վարչության մեկ այլ պաշտոնյայի՝ Հ. Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Ա. Կ.-ի հետ ունեցած մտերիմ փոխհարաբերությունները չվատթարացնելու շահագրգռվածությունից ելնելով, նրան առաջարկել են համապատասխան դիմում ներկայացնել ոստիկանություն՝ դրանում թաքցնելով դեպքի իրական փաստերն ու խեղաթյուրելով ծանր հանցանքի կատարման հանգամանքները: Արդյունքում՝ ծանր հանցանքի փոխարեն քրեական վարույթ է նախաձեռնվել ոչ մեծ ծանրության արարքի հատկանիշներով:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վ. Գ.-ն զենք զինամթերքը կամովին հանձնելու դեպքերի ցուցանիշները բարելավելու նպատակով նախնական համաձայնության գալով Հ. Ծ.-ի և ոստիկանության ավագ տեսուչ Ն. Ա.-ի հետ, վերջիններիս հանձնարարել է կազմակերպել դեռևս 2023 թ. իր կողմից գնված ակոսափող հրացանի՝ այլ քաղաքացու կողմից իբր ինքնակամ ոստիկանություն ներկայացնելու շինծու դեպքի հաշվառման գործընթաց:
Այդ նպատակով Ն. Ա.-ն դիմել է իր ծանոթ Ա. Ս.-ին՝ վերջինիս խնդրելով ոստիկանության բաժնում հաղորդում ներկայացնել, թե իբր կամավոր ներկայացնում է իր գտած ապօրինի զենքը՝ վստահեցնելով, որ դրա արդյունքում նրա համար որևէ անբարենպաստ հետևանք չի առաջանա: Ա. Ս.-ն, համաձայնվելով պաշտոնատար անձի հիշյալ առաջարկի հետ, հաղորդմամբ հայտնել է, թե իբր տան խորդանոցը մաքրելիս գտել է հանգուցյալ պապին պատկանող վերոհիշյալ հրացանը և ներկայացրել ոստիկանություն, որից հետո նշված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ իրականում տեղի չունեցած հանցանքի առթիվ:
Վերը նշված հանցավոր արարքների համար Վ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով /2 դրվագ/, իսկ Ա. Կ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Հ. Ծ.-ին և Ն. Ա.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով, իսկ Ա. Ս.-ին՝ 46 441 րդ հոդվածի 2 րդ մասի 4 րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: