Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի 64-ամյա բնակչի՝ Աշոտ Հովհաննիսյանի սպանության հանգամանքները։
ՔԿ-ից մանրամասնում են՝ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ․ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում գտնվող տանը վարձակալության հիմունքներով բնակվող Աշոտ Հովհաննիսյանը և 41-ամյա տղամարդը, նրանց հարևանը և նույն քաղաքի 39-ամյա բնակիչը՝ Խ․Պ․-ն, գտնվելով հիշյալ տանը, ընթրել են և օղի օգտագործել։ Այնուհետև հարևանը հեռացել է, 41-ամյա տղամարդը գնացել է քնելու, իսկ Աշոտ Հովհաննիսյանը և Խ․Պ․-ն շարունակել են ընթրել և օղի օգտագործել:
Դրանից հետո նրանց միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ Աշոտ Հովհաննիսյանը հայհոյանքներ է հնչեցրել Խ․Պ․-ի հասցեին, որից հետո վերջիններս սկսել են միմյանց փոխադարձ հարվածներ հասցնել։ Խ․Պ․-ն բռունցքով մի քանի անգամ հարվածել է Աշոտ Հովհաննիսյանի դեմքին, որի հետևանքով վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Լսելով աղմուկները՝ 41-ամյա տղամարդը եկել է սենյակ, Խ․Պ․-ի հետ միասին 64-ամյա Ա․Հովհաննիսյանին ուղեկցել են ննջասենյակ և պառկեցրել մահճակալին։ Այնուհետև Խ․Պ․-ն ջրով մաքրել է ննջասենյակի հատակը և տուժողի դեմքին եղած արյունը։ Թողնելով վերջինիս պառկած վիճակում՝ նա հեռացել է՝ իր հետ տանելով նշված տնից հավաքած աղբը և կտորը, որով մաքրել էր արյան հետքերը։
Հաջորդ օրը 41-ամյա տղամարդը, աշխատանքից վերադառնալով, ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերել է Աշոտ Հովհաննիսյանին՝ մահացած վիճակում:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Խ․Պ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: