1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին սուբսիդիա կհատկացնի խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները մեղմելու նպատակով։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 29.11.2023թ. կայացած նիստում N 413-Ն որոշմամբ հաստատեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման 2024 թվականի սակագները, որի համաձայն՝ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2024 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 205.992 դրամ:
ՀՀ կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի սակագնի ավելացումը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայություններից բաժանորդների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների (բաժանորդների)) համար։
Արդյունքում, 2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա:
ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա՝ 2024 թվականի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց՝ գումարային 205.992 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 5.522 դրամի (ԱԱՀ-ով) չափով, ընդ որում՝ ջրամատակարարման ծառայության համար 175.093 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 4.693 դրամի (ԱԱՀ-ով) չափով և ջրահեռացման ծառայության համար՝ 30.899 դրամ (ԱԱՀ-ով) սակագնից՝ 0.829 դրամի (ԱԱՀ-ով) չափով:
Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով հատկացվել է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա 2023 թվականի դեկտեմբերի 1-ից (2023թ. դեկտեմբեր ամսվա համար սուբսիդիան կտրամադրվի 16.03.2023թ. N 324-Ա որոշմանը համապատասխան) մինչև 2024 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում մատուցվող խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների դիմաց։ Քանի որ 2024թ. դեկտեմբեր ամսվա մանրածախ ջրամատակարարման և ջրահեռացման ծավալի և նույն ժամանակահատվածի ձևավորված հասույթի վերաբերյալ տեղեկանքը կտրամադրվի մինչև 2025թ. հունվար ամսվա 15-ը, հետևաբար, 2024 թվականի դեկտեմբեր ամսվա համար նախատեսված փոխհատուցման գումարները և ճշտված գումարները պետք է ներառվեն ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծում»:
Հարակից հրապարակումներ`
- ՀԾԿՀ-ն սահմանել է 2024-ի համար ջրի սակագները
- Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա՝ դառնալով 208,42 դրամ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան