«Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
«Փաստ» թերթը գրում է.
«Օրերս պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանին, Վահագն Խաչատուրյանին, առաջինի հետ նաև ասուլիս է տվել: Սոցցանցերում օգտատերերը նկատել են, որ ի տարբերություն Հայաստան այցելած այլ երկրների ղեկավարների, չի կազմակերպվել Կոբախիձեի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ:
«Փաստը» փորձեց կառավարությունից ստանալ պատասխան, թե ինչո՞ւ է արարողակարգային նման «շեղում» թույլ տրվել: Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն ի պատասխան ասաց. «Ես ՀՀ վարչապետի խոսնակն եմ, իրավասու եմ պատասխանել վարչապետի հանդիպումների մասով»:
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ. «Պաշտոնական այցերի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների շրջանակը որոշվում է փոխադարձ համաձայնեցմամբ՝ հաշվի առնելով այցի օրակարգը և քննարկվելիք հարցերի շրջանակը: Վրաստանի վարչապետի՝ Հայաստան այցի շրջանակներում կայացած հանդիպումների մասին համապատասխան հաղորդագրություններով հանրային տեղեկացվել է»:
Ուշագրավ է մեկ այլ դրվագ ևս: Նախկինում Հայաստան եկած բարձրաստիճան պաշտոնյաների, հատկապես երկրների ղեկավարների այցերի լուսաբանման ժամանակ հատուկ շեշտադրվում էր նրանց այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հատուկ ռեպորտաժներ էին պատրաստվում: Այս անգամ վարչապետի պաշտոնական կայքում ընդամենը նշված է, որ «Իրակլի Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»:
Մի փոքր ավելի «առատաձեռն» էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակը, որի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Կոբախիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
- «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
- «Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
- «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից, ինչ խորը արմատներ ունի պատգամավորի նեղացածությունը
- «Հրապարակ». Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը
- «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է