Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են. Աղվան Վարդանյան
«Մեր իրականությունն ու մենթալիտետն այնպիսին է, որ մենք միշտ փորձում ենք գտնել մեկին, հերոսին, սիրահարվել նրան և ասել, որ նա պետք է առաջնորդի։ Առաջնորդի խնդիրը իսկապես շատ առարկայական է՝ մեր իրականությունը, մեր մենթալիտետը, հոգեվիճակը նկատի ունենալով»,- Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդաշարի ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ առաջնորդն էլ պետք է ծնվի գործի մեջ, ընթացքում, լինի մարդ, ով կվերցնի պատասխանատվություն, իր հետևից կտանի ու պատրաստ կլինի գնալու մինչև վերջ։
«Անհրաժեշտ է նոր ձևաչափ՝ մարդկանց խումբ, կարող է լինել 3 հոգի, 7 հոգի, որոնք ամեն ինչով միասնական են, հեռանկար ունեցող և այդ թիմը կարող է դառնալ առաջնորդողը, որի միջից նաև ընթացքում կծնվի այն մեկը, ով ստանձնելու է գլխավոր պատասխանատվությունը։ Բայց հիմա մեր վիճակն այնպիսին է, որ որևէ անձ մենակ չի կարող անել։
Պետք է լինի թիմ՝ երիտասարդ, հեռանկարային, պատրաստ անձնազոհության և լինի ավելի մեծ թիմ՝ պրոֆեսիոնալ, տեխնոկրատ, ամեն մեկն իր ոլորտի մասնագետ և մեր լավագույն ուժերը պետք է ներգրաված լինեն այդ թիմում»,- ասել է քաղաքական գործիչը։
Ըստ նրա, այսօր ամենագլխավոր բանալի բառը վերականգնելն է՝ չխոստանալ սարեր, միանգամից բոլոր հարցերի լուծում, բայց պատրաստ լինել հարաբերվել բոլորի հետ՝ արևմուտքի, արևելքի, հյուսիսի, կարողանալ պահել մեր տեսակը, ինքնությունը։
«Խորապես համոզված եմ, որ ելքը լինելու է»,- ընդգծել է Ա. Վարդանյանը։
Ըստ նրա, այդ միավորման անդամները կարող են լինել անկուսակցական, տարբեր կուսակցություններից, բայց միավորման մեջ իրենց գործունեությունը չպետք է պայմանավորված լինի իրենց կուսակցությունների ղեկավարների կամ խորհրդի որոշումներով, պետք է լինեն ինքնուրույն։
«Մենք ունենք այդ կարգի ինքնուրույն մարդիկ, բայց մի տեսակ զսպաշապիկի մեջ են իրենց քաղաքական ուժի կամ իրենց առաջնորդների պատճառով»,- ասել է նա։
Ա. Վարդանյանի կարծիքով, այս պրոցեսն ընթացքի մեջ է։
Մանրամասն՝ հաղորդման տեսանյությում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա