Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց: ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, ատեստավորման ընթացքին այսօր հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ:
Նախարարի տեղակալը շրջել է քննական սենյակներում և հաջողություն մաղթել ուսուցիչներին՝ հույս հայտնելով, որ նրանք դրական արդյունքներ կգրանցեն ու հաղթահարելով ատեստավորման շեմը՝ կշարունակեն մանկավարժական գործունեությունը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ թիվ 6 դպրոցի քննական կենտրոնում 78 հայտագրված մասնակիցներից ատեստավորմանը ներկայացել է 62-ը: Թիվ 155 դպրոցի քննական կենտրոնում հայտագրվել է 100 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը ներկայացել է 84-ը:
Կամավոր ատեստավորման թեստերը կազմվում են հանրակրթական դպրոցի ծրագրին և դասագրքին համապատասխանության սկզբունքով:
Կամավոր ատեստավորման այս փուլը չհաղթահարելու դեպքում բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու հանրակրթական դպրոցներում ուսուցչական հետագա գործունեություն իրականացնել՝ մինչև չապահովեն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցչին ներկայացվող պահանջները:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցիչների համար դեռևս 2010 թվականին սահմանվել է բարձրագույն կրթության պահանջ: Օրենսդրական նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին տրվել էր որոշակի ժամանակահատված, որը մի քանի անգամ արդեն իսկ երկարաձգվել է: Շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն՝ կարգավորելով վերոնշյալ խնդիրը և ապահովելով օրենքի պահանջը:
Նախորդ տարի ոչ բարձրագույն կրթությամբ մասնագետներին տրվեց հավելյալ հնարավորություն՝ կամավոր ատեստավորման մասնակցության արդյունքում համապատասխան շեմը հաղթահարելու դեպքում շարունակել մասնագիտական աշխատանքը։
ԿԳՄՍ նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշակում է աջակցության ծրագիր՝ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով: Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է, կարող է կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում. պետությունը կապահովի ուսման վարձի փոխհատուցում:
Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորումը կշարունակվի նաև մարտի 29-ին:
Հարակից հրապարակումներ`
- Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը
- Հայտնի են բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամկետները
- Բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար ևս մեկ անգամ կկազմակերպվի կամավոր ատեստավորում
- Ատեստավորումը չանցած ուսուցիչները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին
- Տարրական դպրոցի ուսուցիչն ատեստավորումից կտրվում է, երեխայի ապագայի վրա ի՞նչ ազդեցություն ենք ունենում նման անպատասխանատվությամբ. Փաշինյան
- Կամավոր ատեստավորումը չհաղթահարած 200 ուսուցիչների աշխատանքային պայմանագրերը չեն լուծարվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան