Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարություններով հանդես գալիս ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանազատման ակտիվացումն ինչու է այսօր օրակարգ բերվում, ո՞ր հատվածներում են աշխատանքներն իրականացվելու, ի՞նչ հնարավոր զարգացումների կարող ենք առաջաիկայում ականատես լինել։ Այս ու այլ հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։
Ջոնի Մելիքյան-Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման հարցն օրակարգային է եղել 1990-ականներից, 1996-ից միջկառավարական հանձնաժողովը գոյություն ունի։ Վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով բանակցությունների ակտիվ փուլը դադարել էր։ Վերջին անգամ հարցի շուրջ քննարկումներն ակտիվացել էին 2020 թ. Բաքվում ու Երևանում Սալոմե Զուրաբաշվիլիի հայտարարություններին ֆոնին։ Այս տարվա հունվարին ռազմավարական հարաբերություններ հիմնելու վերաբերյալ հռչակագիր է ընդունվել, ըստ որի կողմերն անվերապահ կերպով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, երկու կողմերը համաձայնության են եկել նաև սահմանազատման գործընթացի ակտիվացման շուրջ։
Ինչ վերաբերում հատվածներին, ապա մենք ունենք Վրաստանին սահմանակից երկու մարզ՝ Շիրակ և Լոռի։ Ինչքանով տեղյակ եմ, Շիրակի հետ կապված որևէ հարց չկա, Լոռիի հատվածում կան քննարկման ենթակա հարցեր։ Մոտ ժամանակներս միգուցե սկսեն բանակցություններ, բայց հարցը շուտափույթ լուծվող չէ։ Այդ գործընթացը պահանջում է ժամանակ ու կառուցողական դիրքորոշում երկու կողմերից, ի նկատի ունեմ, այն պետք է լուծվի փոխզիջումների տարբերակով ու համատեղ աշխատանքով։ Այն հրապարակումները, որ տեղ են գտել մամուլում, ես կապում եմ ներքաղաքական գործընթացների հետ և որևէ աղերս չունեն իրականության հետ։ Դեռևս որևէ պրոցես չկա։
Panorama.am -Նույն միջոցառման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի և շոշափելի համաձայնագիր կլինի, նաև ասաց՝ Վրաստանը պատրաստ է աջակցել այդ գործընթացին և նպաստել խաղաղության ու կայունության հաստատմանը տարածաշրջանում: Սակայն Վրաստանը որևէ անգամ չի մասնակցել «3+3» ձևաչափով հանդիպումներին։ Հնարավո՞ր է այս առումով որևէ փոփոխություն։
Ջոնի Մելիքյան-«3+3» ձևաչափը ես չէի կապի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ, այն տարածաշրջանային, հետկոնֆլիկտային փոխգործակցության մասին ֆորմատ է։
Սակայն Վրաստանը մի շարք դեպքերում հայ-ադրբեջանական գործընթացներում միջամտություն է ունեցել՝ այդ թվում գերիների վերադարձի, արտագործնախարարների հանդիպումների առումով։ Այսօր էլ նրանք պատրաստ են գործընթացի համար հարթակն տրամադրել, սակայն այն տրամաբանությունը, որով ընթանում են հայ-ադրբեջանական հարաբերությունները մոտ են երկկողմ ֆորմատին։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ջիլիզա գյուղն էլ Վրաստանի՞ն է զիջվելու
- Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին