ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ի իր ալիքում։
«Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևացնում են՝ զարմանում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը այդքան «մտահոգություններ» առաջացնում։
Պնդում են, որ այն ուղղված չէ երրորդ կողմի դեմ։
Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղիղ ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով։
Նման հանդիպումները մտահոգություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Արևմուտքի հետագա մխրճմանը՝ Հարավային Կովկասի նկատմամբ իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով, տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելու պարտադրմանը, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի քայքայմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների թուլացմանը։
Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, որ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Չէ որ ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է գործիքի՝ հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման համար, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի հիմնարար շահերին», - գրել է Զախարովան:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտարարել էր. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել»:
Հարակից հրապարակումներ`
- Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. Անի Բադալյան
- Փաշինյանը, Ֆոն դեր Լայենն ու Բլինքենը կհանդիպեն Բրյուսելում
- Զախարովա. Ռուսաստանի ճշտում է Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին լուրերը
- Երևանի ներկայիս կուրսի շարունակությունը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր դաշնակցային հարաբերություններին․ Զախարովա
- Զախարովա. Հանկարծ Հայաստանը Արևմուտքի նոր զոհը չդառնա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան