«Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
«Փաստ» թերթը գրում է.
«ՆԳ նախարար Վահե Ղազարյանն օրերս հայտարարել է, թե՝ ճանապարհատրանսպորտային պատահարները շատացել են նաև մեքենաների թվի ավելանալու և... ճանապարհների որակի բարձրացման պատճառով: Կարճ ասած՝ «փոսեր չկան, մարդիկ գազ են տալիս»: Նախ՝ ի հիասթափեցում ՆԳ նախարար Ղազարյանի, նկատենք, որ աշխարհի շատ ու շատ երկրներում կան շատ ավելի լավորակ ճանապարհներ, մայրուղիներ, արագընթաց մայրուղիներ: Բայց չկա ճանապարհատրանսպորտային այն շփոթը, որ դիտարկվում է Հայաստանում: Հա, ու արտասահմանյան ՆԳ նախարարների մտքներով էլ չի անցնում, որ վթարների ավելանալը լավորակ ճանապարհներով պատճառաբանեն: Ի դեպ, քաղաքապետարանը նույն օրը հայտարարել էր, թե մայրաքաղաքում մեկնարկելու են ճանապարհների «փոսալցման» աշխատանքները: Փաստորեն, ստացվում է, որ դրա իմաստը չկա:
Դե, ըստ ՆԳ նախարարի տրամաբանության: Ավելին, պետք է քանդել բոլոր ճանապարհները, փողոցները դարձնել անանցանելի, մայրուղիները վերածել հրետակոծված խորշակների ու՝ վերջ: Ոչ ոք ոչ մի տեղ «գազ չի տա», ու ՃՏՊ-ներ էլ չեն լինի: Համ էլ ասֆալտի վրա անիմաստ ծախսեր չեն արվի: Ճիշտ է, մեքենաները կջարդվեն, բայց դա հո ՃՏՊ-ից չի լինի, համ էլ էլի օգուտ կլինի. մեքենա սարքողները լիքը գործ կունենան: Եթե ավելի լուրջ, ապա սա այնքան, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություն էր, որ նույնիսկ փաշինյանական իշխանության կարկառուններից մեկը՝ Արսեն Թորոսյանն էր հատուկ գրառում կատարել՝ ՆԳ նախարարին գանակոծելով:
Դեռ մի կողմ թողնենք, որ գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները», այստեղ ավելի էականն այն է, որ նույնիսկ իրենք են սկսել զարմանալ իրենց թիմի առնվազն դիլետանտությունից:
Եվ որպես հետգրություն՝ նկատենք, որ ՆԳ նախարարը հաստատ քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել՝ դիպել է ասֆալտապատման գործընթացին: Իսկ ասֆալտը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է, ասֆալտը... դա ասֆալտն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից, ինչ խորը արմատներ ունի պատգամավորի նեղացածությունը
- «Հրապարակ». Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը
- «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան