Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Ավագ շաբաթվա օրերից իր խորհրդավորությամբ առանձնահատուկ տեղ է գրավում Ավագ Հինգշաբթին: Ավագ Հինգշաբթի մատուցվում է Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Հիսուս Քրիստոսի կողմից Սբ. Հաղորդության խորհրդի հաստատման:
Սբ. Պատարագի ժամանակ, ինչպես Խորհրդավոր ընթրիքին, հացն ու գինին սրբագործվում և վերածվում են Տիրոջ Մարմնի և Արյան: Հաղորդությունը Քրիստոսի Մարմնին ու Արյանը հաղորդ դառնալու խորհուրդն ունի:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը գրում է․ «Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում:
Կարմիր հավկիթները Հարության խորհրդանիշն են, կարմիրը՝ Քրիստոսի թափած արյունը:
Այսօր Ավագ հինգշաբթի է: Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Հավկիթ կարելի է ուտել երբ ուզեք, հատկապես, եթե պահք չեք պահում: Բայց պետք չի այսօրվա հավկիթները կապել Զատկի տոնի հետ»։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։
Սուրբ Հարության տոնի հետ կապված առավել հնչող հարցեից է՝ «եթե տանը կա հանգուցյալ, կարելի՞ է ձու ներկել, փլավի մեջ չամիչ գցել»։ Պատասխանել են Արարատյան հայրապետական թեմից. «Հավկիթը ներկում են, փլավը եփում չամիչով, անկախ նրանից տանը կա ննջեցյալ, թե ոչ։ Ձուն համարվում է աշխարհի խորհրդանիշ, կարմիր հավկիթը՝ նոր կյանքի սկզբնավորման ու Հարության: Կարմիր գույնը Հիսուսի արյուն խորհուրդն է, որը թափվեց մեր փրկության համար: Փլավի մեջ բրնձի հատիկները խորհրդանշում են մարդկությանը, չամիչի հատիկները` առաքյալներին, որոնք քաղցրություն բերեցին աշխարհին: Սեղանը զարդարում է նաև ձուկը: Ժամանակին քրիստոնյաները միմյանց ճանաչել են ձկան նշանով։ Ս. Հարության տոնին չեն գնում գերեզմանատուն: Շիրիմներին այցելության օրը Մեռելոցն է (այս տարի՝ ապրիլի 1)»։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
- Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
- Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի
- Մեծ Պահք. Ավագ երկուշաբթի
- Մեծ պահք. Գալստյան կիրակին՝ մարտի 17-ին
- Ս. Հարություն, Զատիկ. 4 հարց ու պատասխան
- Մեծ պահք. Դատավորի կիրակի
- Մեծ պահք. Տնտեսի կիրակի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին